ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չգիտեմ ՀՀ-ում մի առաջնորդի երեխաների, որոնք այդքան թիկնազորով են ման եկել․ Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանի որդին, ով պետք է զորամասում լիներ, 10-20 թիկնազորով քայլում է Երևանի փողոցներում, ո՞ւմ է պետք նման իշխանությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով փողոցում տեսանկարահանել էր վարչապետի երեխաների զբոսանքը թիկնազորի ուղեկցությամբ, ինչի պատճառով ոստիկանները պատրաստվել են խուզարկել նրա մեքենան:

 

«Նկարելուց հետո հասնում եմ տուն, ոստիկանությունը զանգում է, ասում է՝ հանդիպենք, զրուցենք, ուղղակի: Վստահ եմ, որ ուզում էին համոզել, որ վիդեոն ջնջեմ: Մտածում էին՝ սովորական քաղաքացի եմ, կջնջեմ, կգնա: Որովհետև Աշոտ Փաշինյանը Երևանում քայլում էր, հավես չունեին ՊՆ-ին քաշելու: Ոստիկանությանը դարձրել են իրենց անձնական օգտագործման իրերը»,- ասաց Սամսոնյանը:

 

«Նիկոլ Փաշինյանը, երբ որդուն բանակ էր ուղարկում, պարապել էին միասին, լայվ էին մտել, Աշոտը ասում էր՝ գնում եմ ծառայելու, սահմանները պաշտպանելու: Բոլորը ապահով էին զգում, որ Աշոտը սահմանում է, ես էլ էի ապահով զգում, բայց, փաստորեն, Աշոտը այնտեղ չի: Հիմա չենք կարող պարզել, որովհետև մենք ունենք ՊՆ, որը նույն կերպ կամակատար է այս մարդուն, ու քմահաճույքներ են կատարում: Իշխանափոխությունից հետո, ես անձամբ կզեկուցեմ, թե Աշոտ Փաշինյանն ինչքան ժամանակ է անցկացրել զորամասում»,- ասաց նա:

 

Սամսոնյանի խոսքով՝ հավանական է, որ Աշոտ Փաշինյանը զորամասում ևս թիկնազորով է ծառայել: Նաև նշեց, որ սկզբում, երբ տեսել է զբոսնողներին, չի պատկերացրել, որ կարող է Աշոտը լինել:

 

«Ես չգիտեմ ՀՀ-ում մի առաջնորդի երեխաների, որոնք այդքան թիկնազորով են ման եկել: 3 ավտոմեքենա, 4 թիկնապահ՝ կողքերում կանգնող: Սա զավեշտ է, ժողովրդի սիրելի վարչապետի երեխաները ման են գալիս բոլորիս՝ հարկերով վարձատրվող 10-րդ վարչության թիկնազորի հետ: Ինչքա՞ն վախ կա մարդկանց մեջ: Ցավում եմ այդ վախի համար, որովհետև իշխանությունը շատ կարճ ժամանակահատվածում այլասերվեց»,- նշեց նա:

 

Սամսոնյանը ներկայացրեց, որ այդ ժամին ոչ մի շարժ չի եղել և թիկնազորով քայլելն այդ պարագայում անիմաստ էր: Իսկ նման քայլերը, որոնք անում է վարչապետի ընտանիքը, կարճ ժամանակ անց կհանգեցնի ժողովրդի ատելությանը: