Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները վարչապետի անձնական գվարդիաներն են
Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպման մասին 2.
Վերջին գրառումիցս հետո, ինձ բացատրեցին, որ «Chatham House» կոչված ձևաչափը, չի նշանակում փակ հանդիպում և որ կարելի է քննարկումների թեմաները հրապարակել, առանց հղումների։ Այսպես, վարչապետի հետ հանդիպման մասնակցներից մեկի կողմից հնչել է նաև հետևյալ հարցը (համարյա բառացի մեջբերում)․
- Մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է տվյալ երկրի պետական կառուցվածքից։ Այսպես, երբ պետական կառույցները միաձուլված են քաղաքական իշխանությանը և չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը, ապա գործում է Լյուդովիկոս 14-րդի հայտարարությունը․ «Պետությունը՝ ես եմ»։ Հայաստանում 90-ականներից հաստատվել էր հենց այդպիսի միապետական համակարգ և մարդու իրավունքների խախտումների համակարգային բնույթը, ոչ այնքան անձերի , որքան հենց համակարգի հետևանքով էր։ 2015թ․ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի կառավարման համակարգը դարձրեց ոչ թե խորհրդարանական կառավարման, այլ՝ վարչապետական՝ վարչապետին ընձեռելով, նույն նախագահի լիազորություններով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ստեղծվեց Եվրոպայի Խորհուրդը, մեկ նպատակով՝ պաշտպանել անդամ երկրների անձանց իրավունքները։ Բայց հետաքրքրականն այն է, որ ըստ ԵԽ հիմնարար փաստաթղթի ԵԽ-ն հիմնվում է երեք արժեքների վրա․
ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, որը ենթադրում է անկախ դատաիրավական համակարգ։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ 3-րդ արժեքը՝ մարդու իրավունքները, որի համար էլ հիմնվել է ԵԽ-ն, ածանցվում է 1-ին և 2-րդ արժեքներից։
Կասկածի տակ չդնելով անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ կարծում եմ, այն ավելի շատ վստահության հանրաքվե էր և ամեն դեպքում դեռևս վաղ է խոսել Հայաստանում 1-ին արժեքի՝ ժողովրդավարության անշրջելիության մասին։ Իրական ժողովրդավարության մասին կարող ենք խոսել միայն ապագայում, 2-3 համապետական ընտրություններից հետո։
2-րդ արժեքի մասին խոսելիս, բոլորը նկատի են ունենում միայն դատարանների անկախության հարցը։ Սակայն , քաղաքական իշխանությունից պետք է անկախ լինի նաև իրավական ողջ համակարգը։ Այսօր Հայաստանում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները վարչապետի անձնական գվարդիաներն են։
Հարց․
-Սպասվու՞մ են, արդյոք օրենսդրական բարեփոխումներ. այն է՝ վերոնշյալ պետական կառույցները անկախացնելու քաղաքական ազդեցությունից։ ԵՎ մեկ հռետորական հարց․
- Քաղաքական գերատեսչություններին, այն է՝ նախարարություններին տրվա՞ծ են արդյոք իրենց ոլորտների շրջանակներում որոշումներ կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորություններ»: