Հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ աճ. Նիկոլ Փաշինյան

Այս տարվա 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս:

 Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով,  միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով»,- նշեց վարչապետը:

 

2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ: «Այսինքն, նախորդ տարվա համեմատ ավել ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

 

Նա հավելեց, որ 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ: «Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է՝ մինչև 150 հազար դրամ եկամուտ  ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար  874, իսկ 2 միլիոն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627: 

 

Ըստ այդմ՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող  սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է: Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է: Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծեց, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347. 8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:

 

2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38.5 տոկոսով: Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 208.6 միլիարդ դրամով ավելի առևտրաշրջանառություն:

 

2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 միլիարդ դրամի հարկային մուտքեր: 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 միլիարդ դրամի մուտքեր: Վարչապետի խոսքով՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ:

Քաղաքականություն