5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի դիմելու ժամկետները երկարաձգելու համար։ Այսօր Վանաձորում հրավիրված իր ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020 թվականի հունվարից վերացվող արտոնություններին՝ կապված  3-րդ երկրներից ՀՀ ներմուծվող ապրանքների հետ։

 

«Դեռ ընդդիմադիր ժամանակներից ասել եմ, որ անընդհատ հետաձգելու քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ, մենք պետք է մեր տնտեսական կառուցվածքները ֆիքսենք, արձանագրենք մեր հնարավորությունները և աշխատենք մեր զարգացման վրա՝ մեր արդյունավետության շնորհիվ»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է այս համատեքստում գնային բարձրացումներին, Փաշինյանն ասաց, որ շատ դեպքերում արդեն իսկ հաղթահարվել են զուտ մենաշնորհների հաղթահարման արդյունքում։

 

«Մենաշնորհների վերացումը բերում է այնպիսի էֆեկտների, որ հին համակարգի պայմաներում այդ էֆեկտին հասնելու համար պետք էր դրույքներ իջեցնել։ Մենք Հարկային օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ ենք անում, որ մեր տնտեսվարողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Մեր կարծիքով՝ այս ամենը հակակշռելու է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Հանրապետության վարչապետը նկատեց, որ գնաճ լինում է այն ժամանակ, երբ մարդիկ խուճապահար գնում են կատարում՝ մտածելով, որ իրենց փողը կորելու է։ Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ ժողովուրդը վստահում է կառավարությանը։

 

«Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Անցած տարվա սեպտեմբերին էլ գնաճի շուրջ աղմուկ, աղաղակ եղավ, ասում էին՝ վերջ, գնաճ է, ավարտվեց, բայց կառավարությունն արագ լուծեց այդ խնդիրը։ Մենք առանց մաքսազերծման ներմուծվող ապրանքների չափաքանակն ավելացրինք մի քանի ամսով, ու գնաճային բոլոր ռիսկերը միանգամից չեզոքացան։ Ճիշտ է՝ դրանից հետո ԵԱՏՄ նոր սահմանափակումները մտան, բայց գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Քաղաքականություն