ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման վերաբերյալ Արծրուն Հովհանննիսյանը մանրամասնում է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել՝ երեկ ՀՀ Ազգային Ժողովում, ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին, բարձրացված հարցի վերաբերյալ:

 

«2019 թվականի գարնանը ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ Ազգային Ժողովում հայտարարվեց, որ ՀՀ-ում ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամի՝ որպես տնտեսական հեղափոխության 1-ին քայլ: Սակայն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզվել է, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար կազմել է 54 000, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից առ այսօր կազմում է 44000 դրամ:

 

ՀՀ ՊՆ 2019 թվականի գնումների պլանում ցեմենտի գնման ձևը նախատեսվել էր էլեկտրոնային աճուրդ: Սակայն 2019 թվականի փետրվարին էլեկտրոնային աճուրդի համակարգը ամբողջությամբ խափանվեց և հնարավոր չեղավ կազմակերպել ցեմենտի գնման գործընթացը: Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները:

 

 Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև՝ ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:

 

Գնումների պլանի փոփոխությունից հետո 2019 թվականի ապրիլին կազմակերպվել է գնման գործընթաց, որին մասնակցել են թվով 3 կազմակերպություն, որոնցից ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի՝ հետ 2019 թվականի մայիսի 15-ին կնքվել է 1տ.-ի արժեքը 48000 դրամով ցեմենտի գնման պայմանագիր: Ընդ որում, նշված գնմանը կարող էր մասնակցել նաև արտադրող գործարանը, սակայն վերջինս մասնակցություն չի ունեցել:

 

Արարատում պահեստ ունենալու վերաբերյալ հարցադրման մասով տեղեկացվում ենք, որ վերոհիշյալ գնման ընթացակարգի հրավերում, որը հրապարակված է նաև www.procurement.am կայքում, նման պահանջ սահմանված չէ, այլ նշվել է, որ մատակարարը պետք է նշի իր պահեստի հասցեն, որպեսզի պատվիրատուն՝ ՀՀ ՊՆ տեղեկանա, թե որտեղից է բարձելու և համապատասխան զորամաս տանելու ցեմենտը, քանի որ հրավերով նախատեսվել է, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցներով:

 

Մատակարար ընկերության՝ ընդամենը 2 աշխատակից ունենալու վերաբերյալ հարցադրման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, գնման ընթացակարգի հրավերով չի սահմանվել մասնակիցների առնվազն ինչ որ քանակի աշխատակիցներ ունենալու պահանջ: Ավելին՝ նկատի ունենալով, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր իրականացվելու է ՀՀ ՊՆ միջոցներով, մատակարարի աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է:


Կից ներկայացվում է նաև նախորդ 3 տարիներին ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման վերաբերյալ համեմատական վերլուծականը:

 

2016թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2017թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2018թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000-58.000 դրամ:
2019թ. մեկ տոննա ցեմենտի գինը 48.000 դրամ»,- գրել է Հովհաննիսյանը