
ԱԺ-ն մերժեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:
Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ շահառուների հստակ քանակը չի քննարկվել և հաշվի չի առնվել, թե ինչ ազդեցություն է ունենալու այն բյուջեի վրա:
Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Մակունցն իր գործընկերներին առաջարկեց այս պահին ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ:
Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով:
Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ:
Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում:
Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից: