Պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար. Բաթոյան

«132,381 աշխատունակ քաղաքացիներ՝ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում և չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից:

 

Մշակել ենք նախագիծ, որով առաջարկում ենք կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով»:

 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պարզաբանելով.

 

«Սոցիալական կարիքների գնահատման արդյունքում եթե պարզվի, որ անձը անապահով է և կարող է ձեռք բերել նպաստի իրավունք, կկայացվի համապատասխան որոշում՝ վեց ամիս ժամկետով,

Վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ՝ աշխատանք գտնելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ,

Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքը այլևս չի գործի,

Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը ևս վեց ամիս՝ եկամուտը հաշվի չի առնվի:

Ընդհանուր առմամբ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն և նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները, հաշվի առնելով, որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք:

Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում»: