Արցախում ռոումինգի գների նվազման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Սեպտեմբերի 6-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ:
Հուշագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։
Այսպիսով 2020 թվականի հունվարի 1-ից՝
- Ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
- Մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
- Տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
- Կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:
Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերը, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ սակագին: Ընդ որում, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժանորդների համար արդեն իսկ գործում էին օգոստոսի 1-ից նվազեցվող վերոնշյալ սակագները: