Վկայագիր հանձնվեց Շիրակի մարզի Գետք, Հացիկ և Ախուրյան համայնքների 15 ընտանիքների

Շիրակի  մարզի գյուղական համայնքների անօթևան ընտանիքները ստացան բնակարանի գնման վկայագրեր։

 

2016 թվականից հետո  առաջին անգամ ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարան կորցրած  ընտանիքներին հատկացնում է բնակարանի գնման վկայագրեր։

 

 Սեպտեմբերի 5-ին, ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետ  Տիգրան Պետրոսյանը  վկայագիր հանձնեց մարզի Գետք, Հացիկ և Ախուրյան համայնքների 15  ընտանիքների։ 

 

Բնակչի ցանկությամբ, ընտանիքներից մեկին,  ՀՀ կառավարության որոշմամբ, տրամադրվեց գումար՝ կիսակառույց շինության ավարտի համար։ Այս  տարի վկայագիր հատկացվում է միայն այս ընտանիքներին, իսկ հաջորդ տարի՝ մարզում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած գյուղական համայնքների մյուս՝  140  ընտանիքներին։ Այս  մասին հանդիպման ընթացքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գյուղական համայնքների նկատմամբ պետությունն իր պարտավորությունը կփակի հաջորդ տարի։ Այս  տարի  անօթևանության խնդիր ունեցող միանգամից երեք  համայնքում հարցը կլուծվի։ Մենք  հուսով ենք, որ այս ընթացքում վկայագիր ստացած ընտանիքներին կհաջողվի ձեռք բերել բնակարան, և սեփական տանիք  ունենալու հարցը կլուծվի»,-նշեց Տիգրան Պետրոսյանը։

 

Վկայագիր տրամադրվում է յուրաքանչյուրի կորցրած բնակարանի ու տվյալ տարածքի բնակարանի շուկայական արժեքի համամասնությամբ: 

 

Ընտանիքները հնարավորություն ունեն բնակարան գնելու հանրապետության ցանկացած բնակավայրում։ Վկայագրի իրացման  համար  վերջնաժամկետ է համարվում դեկտեմբերի 20-ը։ Ձեռք բերվող  բնակարանը պետք է անպայման համապատասխանի պահանջվող նորմերին՝ լինի սեյսմակայուն, ունենա կոմունալ հարմարություններ։