Մանրամասներ. Երևանի 53 դպրոցի պահակը գետնի վրայով քարշ է տվել 6 ամյա աղջնակին
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում:
էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ:
SHANTNEWS.am-ը տեղի ունեցածի վերաբերյալ զրուցել է «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի հետ, որը տեղեկացրել է, որ 6-ամյա աղջիկը, ում հետ տեղի է ունեցել դեպքը, աուտիզմ ունի.
«Այդ երեխան մեր կենտրոնի սան է, ամեն օր մայրը երեխայի հետ գնում է 53 դպրոցի բակ` զբոսնելու: Երեխան աուտիզմ ունի, աղջիկ է, հաճախ կարող է կծել, գետնին պառկել, եթե իր ուզած տեղը չգնա: Իմ տեղեկություններով` դպրոցի տնօրենը խնդրել է դուրս գալ բակից, որ դուռը փակի (երեկոյան ժամը 17.00-ն է եղել), մինչ մայրը վազել է երեխայի պայուսակի հետևից, պահակը քաշքշել է երեխային»:
Մեր այն հարցին, թե ինչ վնասվածքներ է ստացել երեխան, Արմինե Դավթյանը ասաց, որ հստակ չի կարող ասել, սակայն, բնականաբար, չի բացառում, որ միջադեպի հետևանքով երեխան կարող էր վնասվածքներ ստանալ:
Արմինե Դավթյանը տեղեկացրել է, որ այդ երեխայի մայրը ևս ունի առողջական խնդիրներ: