Գիտությունների ազգային ակադեմիան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հաղորդագրություն է տարածել Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: 

 

«Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք՝

ՀՀշրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան  պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի սեպտեմբերի 3-ին (N 1/02.1/12286), որով նա խնդրում է հանձնարարել Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտին 1-օրյա ժամկետում տալ կարծիք Ամուլսարի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեքության վերաբերյալ:  Մինչդեռ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հայտարարության համաձայն, նախարարությունը Ամուլսարի ծրագրի գործընթացի վերաբերյալ վերջնական կարծիք պետք է ներկայացնի սույն թվականի սեպտեմբերի 4-ին: Հայտնում ենք, որ նախանշված ժամկետում հնարավոր չէ  տալ լիարժեք գիտական հիմնավորում Ամուլսարի ծրագրին՝ հաշվի առնելով ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի մեծ ծավալը և խնդիրների լայն շրջանակները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որՀՀ  ԳԱԱԱ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, ի պատասխան ինստիտուտի տնօրենին  ավելի վաղ՝ սույն թվականի օգոստոսի 29-ին ուղարկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի (2/02.1/20160) նամակի, ուղարկել են Ամուլսարի ծրագրի առանձին խնդիրների վերաբերյալ իրենց  գիտական ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ առանձին կարծիքները, եզրակացությունները: 

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է գիտական հիմնավորում տալ Ամուլսարի ծրագրի փաստաթղթերին ողջամիտ ժամկետում»: