7 անշարժ գույք, 183 մլն դրամ, 1 մլն 346 հազար դոլար, 434 հազար եվրո. ԿԲ նախագահի եւ կնոջ ունեցվածքը

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2019 թվականի մայիսի 29-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը: Այս մասին տեղեկանում ենք armtimes.com-ից։ 

 

Հարկային տարվա սկզբում Ջավադյանն ունեցել է 1 մլն 297 հազար 235 դրամի չափով մասնաբաժին՝ ներդրումային ֆոնդերում: Տարվա ընթացքում ձեռք է բերել եւս 562 հազար 500 դրամի չափով: Արդյունքում Ջավադյանը տարեվերջում ունեցել է 1 մլն 914 հազար 492 դրամի չափով մասնաբաժին:

Տարեսկզբում ԿԲ նախագահն ունեցել է 131 մլն դրամ, 629 հազար դոլար եւ 162 հազար եվրո, որը տարեվերջում ավելացել է դառնալով 133 մլն դրամ, 671 հազար դոլար եւ 182 հազար եվրո:

 

2018-ին Ջավադյանն ունեցել է 30 մլն 434 հազար 45 դրամի չափով, 2376 եվրոյի չափով եւ 36 հազար 511 դոլարի չափով եկամուտ: Գումարը գոյացել է շահաբաժիններից, աշխատավարձից եւ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:

Դեռեւս պաշտոնը ստանձնելուց՝ 2014 թվականին Ջավադյանը հայտարարագրել է նաեւ իր շարժական եւ անշարժ գույքերը: ԿԲ նախագահն ունի 7 անշարժ գույք՝ 2 առանձնատուն, 1 բնակարան եւ 4 հողամաս: Ջավադյանն ունի նաեւ 1 ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN TOUAREG V6 3.5» մակնիշի: Հետագա տարիներին Ջավադյանը սրանք չի օտարել:

 

Ջավադյանի կնոջ՝ Հասմիկ Մանուկյանի դրամական միջոցները նույնպես աճել են 2018-ին: Տարեսկզբում Մանուկյանն ունեցել է 52 մլն 500 հազար դրամ, 675 հազար դոլար եւ 252 հազար եվրո, որը տարեվերջում դարձել է 53 մլն 500 հազար դրամ, 720 հազար դոլար եւ 263 հազար եվրո:

Մանուկյանը 2018-ին ունեցել է 19 մլն 452 հազար 800 դրամի չափով եւ 2262 եվրոյի չափով եւ 35 հազար 81 դոլարի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից եւ վարձակալության դիմաց ստացված վճարից:

ԿԲ նախագահի դուստրը՝ Աննա Ջավադյանը, 2018-ին փոխառության է հանձնել 24 հազար դոլար, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է: 2018-ի սկզբում Աննա Ջավադյանն ունեցել էր նաեւ 26 հազար 760 դոլարի չափով փոխառության հանձնած գումար, հարկային տարում հանձնել էր 1442 դոլար եւ նույն հարկային տարում էլ այդ գումարն ամբողջությամբ վերադարձվել է՝ 28 հազար 202 դոլար:

2018 թվականին Աննա Ջավադյանն ունեցել է 1080 եվրոյի չափով եւ 2724 դոլարի չափով եկամուտ, որը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: