Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան է մահացել. Shamshyan.com

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը:

Զրուցակիցների խոսքերով՝ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է այս ծննդատուն: Այսօր առավոտյան առաջնեկն է ունեցել՝ տղա երեխա.

 

«Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար…

 

Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է:

Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից: