«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» համալսարանը հատը 122 հազար դրամով 7 մեդալ է ձեռք բերել
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2019 թվականին իրականացվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Մասնավորապես, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» հիմնադրամը մեծ թվով մթերային ապրանքներ է գնել:
Այս մասին տեղեկացնում է armtimes.com-ը:
Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
Տավարի միս փափուկ - 815 կիլոգրամ - 3 մլն 178 հազար դրամ
Կարագ – 555 կգ – 1 մլն 868 հազար դրամ
Ընտանի թռչունների միս – 705 կիլոգրամ – 1 մլն 59 հազար դրամ
Հաց – 722 հազար դրամ
Մածուն – 656 հազար դրամ
Կաթ – 1560 լիտր – 624 հազար դրամ
Պանիր Լոռի – 232 կիլոգրամ – 539 հազար դրամ
Խնձոր – 1 տոննա 250 կիլոգրամ – 426 հազար դրամ
Կարտոֆիլ – 2 տոննա 260 կիլոգրամ – 336 հազար դրամ
Ձու – 6235 հատ – 319 հազար դրամ
Բանան – 485 կիլոգրամ – 312 հազար դրամ
Թթվասեր – 303 հազար դրամ
Թխվածքաբլիթներ – 190 կիլոգրամ – 239 հազար դրամ
Շաքարավազ – 675 կիլոգրամ – 209 հազար դրամ
Կոնֆետ կարամել – 155 կիլոգրամ – 186 հազար դրամ
Բարձր տեսակի ցորենի ալյուր – 718 կիլոգրամ – 173 հազար դրամ
Թխվածքաբլիթներ – 205 կիլոգրամ – 153 հազար դրամ
Խտացրած կաթ – 125 կիլոգրամ – 150 հազար դրամ
Բրինձ – 350 կիլոգրամ – 141 հազար դրամ
Մակարոն – 451 կիլոգրամ – 133 հազար դրամ
Մշակված ոլոռ – 139 կիլոգրամ – 125 հազար դրամ
Չիր – 62 կիլոգրամ – 124 հազար դրամ
Կաղամբ մաքրած – 820 կիլոգրամ – 123 հազար դրամ
Կաթնաշոռ դասական – 96 կիլոգրամ – 118 հազար դրամ
Բուսական ծագման յուղեր – 198 կիլոգրամ – 116 հազար դրամ
Մեղր բնական – 33 կիլոգրամ – 114 հազար դրամ
Սրանցից բացի կան ևս մի քանի տասնյակ մթերային ապրանքներ, որոնք նախատեսված է ձեռք բերել, սակայն ավելի նվազ գներով:
Այս ամենից զատ համալսարանի գնումներում մի քանի հետաքրքիր տվյալներ ևս կան: Մասնավորապես նախատեսված է ձեռք բերել 5 հազար լիտր պրեմիում տեսակի և նույնչափ էլ ռեգուլյար տեսակի բենզին, ընդհանուր 4 մլն 100 հազար դրամ արժեքով: Սրանից բացի 2444 լիտր բենզին էլ նախատեսված է ձեռք բերել համալսարանի Կապանի մասնաճյուղի համար՝ ռեգուլյար տեսակի, ընդհանուր 1 մլն 99 հազար դրամի: Նախատեսված է ձեռք բերել նաև տարբեր գների մեդալներ և շքանշաններ, որոնցից ամենաբարձրը թերևս արժե 122 հազար 500 դրամ՝ հատը: Դրանից նախատեսված է ձեռք բերել 7 հատ ընդհանուր 857 հազար դրամի չափով:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՀԱՊՀ՝ հետաքրքրվելով, թե համալսարանը մթերքներն ի՞նչ նպատակով է ձեռք բերել եւ որտե՞ղ ու ե՞րբ է այն օգտագործվել: Հետաքրքրվել ենք նաեւ, թե այդքան բենզինը քանի մեքենայի է սպասարկելու եւ ո՞ւմ մեքենաներն է սպասարկելու:
Ի պատասխան ՀԱՊՀ-ի հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնից հայտնեցին.
««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը իր կազմում ունի 1986 թ.-ից մինչ օրս անխափան գործող մանկապարտեզ: Երեխաների թիվն այս պահին կազմում է 110 եւ ավելանալու միտում ունի: Ձեր կողմից նշված սննդամթերքները նախատեսված են մանկապարտեզի երեխաների՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված անհրաժեշտ կալորիականության համապատասխան բազմատեսակ սննդով ապահովելու համար:
Սննդամթերքի մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները մինչեւ տարեվերջ պետք է մատակարարեն սննդամթերքի նշված քանակները:
Համալսարանի մանկապարտեզի վերաբերյալ մանրամասնորեն կարող եք ծանոթանալ նաեւ ՀԱՊՀ հիմնադրամի պաշտոնական կայքից:
Գնումների պլանում ներառված մեդալները եւ կրծքանշանները նախատեսված են Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող «Պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն-2019»-ի անցկացման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի՝ տարբեր անվանակարգերում: Մեդալները եւ կրծքանշանները պատրաստված են արծաթից, երեսապատված ոսկով:
ՀԱՊՀ հիմնադրամի կարիքները հոգալու համար պրեմիում եւ ռեգուլյար տեսակի բենզինի քանակները՝ ըստ նախնական միջինացված հաշվարկների, կբավարարեն մոտավորապես 15 ամիս, որը նախատեսված է հինգ ավտոմեքենաների համար՝ այդ թվում երկուսը «Գազել» մակնիշի, մյուսները՝ թեթեւ մարդատար: Նշված ավտոմեքենաները հանդիսանում են ընդհանուր օգտագործման հերթապահ տրանսպորտային միջոցներ եւ չեն սպասարկում կոնկրետ անձանց»: