Ադրբեջանցի լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից
Հ ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուքյան էջում փաստաթղթի լուսանկար է տարածել՝ «Ադրբեջանական լրտեսի բացահայտում և վտարում Հայաստանից» վերտառությամբ:
«1919 թ. գարնանը Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում ազգայնամոլ, Խան Թեքինսկի անունով մի «դիվանագետ»: Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին Բաքուն ջանք չէր խնայում Հայաստանը ներսից քայքայելու և պետականության հիմքերը խարխլելու համար:
Երևան ժամանելու առաջին իսկ օրվանից անվտանգության մարմինները հետևում էին «դիվանագետին»՝ գաղտնազերծելով և վերծանելով նրա ծածկագիր-հեռագրերի բովանդակությունը: Ակնհայտ էր, որ Թեքինսկին, օգտվելով դիվանագետի անձեռնմխելիությունից, փաստացի զբաղվում է լրտեսությամբ՝ տեղեկություններ հաղորդելով շատ ոլորտների, այդ թվում հայկական բանակի կառուցվածքի և զինվածության վերաբերյալ:
Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանը ներսից պայթեցնելու համար մեծ ճիգ էր թափում, մասնավորապես Ազրբեջանը, որը 1919 թ. մարտին դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնով Երևան ուղարկեց իր մոլեռանդ համաթուրքապաշտ գործիչներից մեկին` Խան Թեքինսկուն, պաշտոն տալով նրան` Հայաստանի ներսում մահմեդական խռովություններ կազմակերպելու»:
Թեքինսկին ամեն կերպ խոչընդոտում էր Շարուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին և ծածկագիր հեռագրերի միջոցով իր կառավարությանն իրազեկում էր հարավային և այլ շրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նա գաղտնի կապ էր պահպանում տեղի թաթարների հետ՝ նրանց դրդելով ապստամբության:
Գաղտնի գրագրությունների մի պատկառելի մասն էլ հայկական զինված ուժերի վերաբերյալ էր, որտեղ շարադրված էին ձեռք բերված տեղեկությունները հայկական բանակի թվաքանակի, զորատեսակների, զինվածության և այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Հետևելով լրտեսին և ուսումնասիրելով վերջինիս գործունեությունը՝ Հայաստանի կառավարությունը պահանջեց Ադրբեջանից հետ կանչել իր՝ այսպես կոչված դիվանագետին»,- գրված է ֆեյսբուքյան էջում: