Շիրինյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅՐԵՆԱԿԻ'Ց, մնալով հավատարիմ հեղափոխության իդեալներին և կատարելով իմ հանձնառությունը Ձեր և պետության հանդեպ, որոշել եմ Հայաստանի բարձրագույն իշխանությանը պարբերաբար ներկայացնել առաջարկներ իմ անունից կամ ՔԴ կուսակցության պլատֆորմի տեսանկյունից։ Հրապարակում եմ օրերս Հանրապետության վարչապետին ուղարկված առաջարկը, որի իրականացման պարագայում համոզված եմ` ՀՀ պետական կառույցը կշահի և հեռանկարի մեջ կհաղթահարվի ստագնացիան։

 

 

_______________________________________

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, ակնհայտ է, որ Դուք որդեգրել եք ՀՀ կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ուղեգիծ` կրճատելով նախարարությունների և տարբեր գերատեսչությունների քանակը։ Կենսունակ պետություն կառուցելու հիմնական խնդիրներից է պետական կենտրոնաձիգ կառավարման համակարգի կատարելագործումը։ Նախկին կառավարման համակարգը, որն այժմ գործում է, հարմարեցված էր լութոկրատիայի (գողապետության) պահանջներին, որից անհրաժեշտ է օր առաջ ձերբազատվել։ Կարծում եմ` ավելի արդյունավետ է և նպատակահարմար այնպիսի երկրների պետական կառուցվածքի ընդօրինակումը, որոնք ունեն օպտիմալ կազմակերպման վիճակ։ Մյուս կողմից, այնպիսի պետություն, որը օբյեկտիվ տվյալներով մոտ է Հայաստանի Հանրապետությանը, իսկ քաղաքակրթական-մշակութային զուգահեռներով` մերձ հայ ժողովրդին. քրիստոնեական մշակույթ, ժողովրդավարական հակումներ, ստեղծագործ կարողություն, մտավոր ունակություն, գիտական զգալի պոտենցիալ և այլն։ Թվարկվածը և որոշ այլ գործոններ մեզ թույլ են տալիս որպես այդպիսի մոդել դիտել Ավստրիայի դաշնային հանրապետությունը` իր բարձր զարգացած քաղաքական համակարգով, պառլամենտարիզմի դասական ավանդույթներով, մշակույթով, գիտաարդյունաբերական և գյուղատնտեսական հզոր պոտենցիալով։ Ինձ թվում է` համապատասխան դիմումի պարագայում Ավստրիայի կառավարությունը` կանցլեր Սեբաստիան Կուրցը, կտրամադրի որպես օժանդակություն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի վերականգման որոշակի թվով փորձառու մասնագետներ, որոնք կառավարչական ապարատի մեր լավագույն մասնագետների հետ միասին կստեղծեն վերակազմված ապարատ և կադրեր կպատրաստեն մերօրյա Հայաստանի պետական կառույցի համար վերից վար` ընդհուպ ինքնակառավարման տարբեր մակարդակի օղակների համար։ 
     Անհրաժեշտության դեպքում ավստրիական մոդելի վերաբերյալ պատրաստ ենք հանգամանալից պարզաբանում-քննարկման»։

Հարգանքով
     Հայաստանի լուսե ապագայի նկատմամբ մեծ հավատով,

Լևոն Շիրինյան
     Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր