Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը օգոստոսի 24-ին արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանում` մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետերանի լրատվական ծառայությունը։
«Օգոստոսի 24-ին` ժամը 22։00-ին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում հրավիրեց արտահերթ խորհրդակցություն, որի առիթը մարզում, հատկապես երեկ Կապանում առկա խոշոր հրդեհներն էին՝ բռնկված 3 վայրում՝ դեռ օգոստոսի 22-ից՝ Նորաշենիկ գյուղին հարակից տարածքում եւ օգոստոսի 24-ին՝ Չափնի եւ Կաղնուտ գյուղերի տարածքում։
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Երեւանից ժամանած՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, Կապանում տեղակայված N զորամասի հրամանատար գնդապետ Ա․Պողոսյանը, «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը, համայնքապետարանի եւ ԱԻՆ Սյունիքի ՄՓԾ աշխատակիցներ։
Երեկ ողջ օրվա ընթացքում բոլոր նշված կառույցները, նաեւ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի ու Կապանի կոմունալ ծառայության, «Շտապօգնության» ծառայության աշխատակիցներն ու տեղի բնակիչները հրդեհաշիջման աշխատանքներ էին կատարել, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տրամադրել էր երեք ջրցան «Բելազ» մակնիշի մեքենա, երեք ջրցան «Կամազներ», երեք բեռնիչ մեքենա ու երկու էվակուատոր, ողջ օրը օջախների վայրերում էր Սյունիքի մարզպետը, ի վերջո, կանխվել էր հրդեհի մուտքը բնակելի տարածքներ, ու երեկոյան հաջողվել էր մեկուսացնել կրակը, գիշերային ժամերին հերթապահում էին «Հայանտառի» աշխատակիցները, սակայն բոլոր վայրերում կան կրակի օջախներ, ու սպասվում էր, որ օրը բացվելուն պես կրակը կրկին կակտիվանա, հետեւաբար անհրաժեշտ էր քննարկել ու կազմակերպել այսօրվա՝ օգոստոսի 25-ի անելիքները։
Հունան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր կառույցներին ու դրանց ղեկավարաներին, որոնք մասնակցում են այս աշխատանքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այսօր վաղ առավոտից իրականացվող աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, հստակեցվեց, թե համագործակցող բոլոր կառույցները միասին ինչ մարդկային, տեխնիկական, տրանսպորտային, ջրային ու գործիքային ռեսուրսներ ունեն ու ինչպես պետք է դրանք ադյունավետ տեղակայվեն տարբեր կետերում։
Այսօր ժամը 6։30-ից արդեն, ըստ կազմակերպված պլանի, վերսկսվել են աշխատանքերը նշված տարածքներում։
Նշենք, որ խոշոր հրդեհների մարման աշխատանքները համակարգելու համար նաեւ Կապան են այցելել ու հրդեհների վայրում աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արկադի Բալյանը, նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ-ի «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 4 աշխատակից։
Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մարզում արդեն խոշոր ծավալների հասած ու պարբերաբար կրկնվող հրդեհների մարդածին գործոնի փաստը, բնակչության շրջանում այդպես էլ չհաջողված անվտանգ վարք ձեւավորելը, իրավապահների կողմից դրանց պատճառները բացահայտելու կարեւորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։