ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:
Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստիկանապետը, այցելել է նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տեղում հերթապահություն են իրականացնում շտապօգնության բրիգադները:
Շտապօգնության կազմն առաջին օգնություն էր ցույց տալիս մեկ ոստիկանի և մեկ փրկարարի: Ոստիկանության ծառայողը հայտնեց, որ առաջին օգնություն են ցույց տվել և ասել են, որ կարող է անցնել ծառայության: Շտապօգնության մեքենայում էր նաև Վալերիյ Օսիպյանը: Այդ տարածք մոտեցավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանում է «Մալաթիա մոլ»-ը:
Վալերիյ Օսիպյանը Սամվել Ալեքսանյանին հարցրեց, թե ի՞նչ վտանգներ է տեսնում, շենքին Ալեքսանյանն ավելի ծանոթ է, ԱԺ նախկին պատգամավորը պատասխանեց՝ բոլոր կողմերից վառվում է:
Օսիպյանի հարցին, թե ներսում վտանգավոր նյութեր կա՞ն, Սամվել Ալեքսանյանն ասաց.«Չորս կողմն էլ տարածված է հրդեհը, վտանգավոր նյութեր չկան ներսում: ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի, սկզբից չորս հատ երկու տոննանոց մեքենա էր եկել , նոր մեքենաներն եկան»:
Վալերիյ Օսիպյանի դիտարկմանը, թե իրենք իրենց աշխատանքը գիտեն, միգուցե այդ պահին չորս մեքենայի անհրաժեշտություն է եղել, Սամվել Ալեքսանյանն ասաց՝ չգիտեմ:
Նշեքն, որ «Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով տուժածների թիվը 9-ն է, նրանցից 6-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: