Ուզում էր երեխաներիս առևանգել ու Շվեյցարիա տանել. գյուղապետը մանրամասնում է

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը և նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը փորձել են իր տանից առևանգել 7-ամյա և 9-ամյա որդիներին։ 

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Վաչագան Դավթյանը հայտնեց, որ այժմ որդիներին տանում է հոգեբանի մոտ, քանի որ միջադեպի ժամանակ որդիները իրենց վատ են զգացել ու հիմա հոգեբանական ծանր վիճակում է գտնվում. «Երեխաներս ընդհանրապես չեն ուզում իրենց տեսնեն՝ իրենց մորն ու պապին»։

Հարցին՝ մայրը հրաժարվե՞լ է որդիներից, ինչպե՞ս են նրանք ձեզ հետ մնացել՝ Դավթյանը պատասխանեց. «Մի քանի օր առաջ օգոստոսի 7-ին պետք է Վրաստան հանգստանալու գնայինք, փոքր տղայիս ծնունդն էր։ Ամսի 5-ին ես իրեն տարել եմ Մալաթիա, ինքը ինչ որ կանացի խնդիրներ ուներ, որ բժշկի գնա, բայց դրա առաջին օրը տենց խանդի տեսարան էր սարքել մի երկու հատ խփել էի իրեն, բերեցի իջացրեցի, գնացինք առևտուր արեցինք, որ ամսի 7-ին գամ իրեն վերցնեմ գնամ։ Ամսի 6-ից զանգում եմ իրեն, երեխաներս են զանգում, մայրս ու քույրս են զանգում, չի պատասխանում, ես վախեցա մտածեցի ինչ որ բան է եղել, գյուղից եկա Մալաթիայի տունը, դուռը ծեծում եմ, չի բացում, ստիպված երկրորդ հարկից մի կերպ ձգվում մտնում եմ տուն, տեսա տան լոգարանի դուռը փակ է, դանակով բացեցի դուռը տեսնեմ հեռախոսի վիդեոն միացրած բաղնիքի մեջ կանգնած ա, ասում եմ ինչի չես պատասխանում զանգերին, ինչ ես անում, ասեց գնա, չեմ գալիս, վիճեցինք, թողեցի գնացի»։

Համայնքապետի խոսքով՝ այդ միջադեպից հետո նախկին կինը գնացել է ոստիկանություն և իր դեմ հաղորդում է ներկայացրե. «Գնացել Մալաթիայի ոստիկանություն, հաղորդում ա տվել, որ ինքը նարկաման ա, պլանքեշ ա, վիրուս ունի, ինձ վարակել ա, ինձ ծեծել ա, ու լիքը անհիմն մեղադրանքներ»։

Դավթյանը նշեց, որ նախկին կնոջ նման քայլի պատճառն այն էր, որ նրա հայրը ապրում է Շվեյցարիայում և ցանկանում է, որ աղջիկը ընտանիքով իր մոտ գնա. «Ես իրենց բացատրեցի, որ չեմ կարող ամեն ինչ թողնել գնալ, ես համայնքի ղեկավար եմ, ոնց կարող եմ ամեն ինչ հենց այնպես թողնել, վեր կենալ գնալ։ Ասացի մի քանի տարի համբերեք, կգնանք, ես էլ եմ ուզում իմ երեխաները զարգացած երկրում ապրեն։ Իսկ երեխաներին ուզում էին տանից գողանալ ու տանել Շվեյցարիա, ես երեխաներիս հետ շատ կապված եմ ու առանց իրենց չեմ կարող, դրա համար մտածել են երեխաներին տանեն, ես էլ ստիպված վեր կկենամ կգնամ։ Նախկին կինս ահավոր անբան է, ոչ մի բան անել չգիտի, մեր հիմնական վեճերի պատճառը դա է եղել, օրինակ երեխաները առավոտը զարթնում էին, որ դպրոց գնան, մի կես ժամ տանը տկլոր նստած սպասում էին, որ իրենց մայրը զարթնի շոր տա հագնեն, հաց տա ուտեն, որ գնան դպրոց։ Երեխաների համար հայր էլ, մայր էլ ես եմ եղել։

Իմ կինը կարող է ցանկացած ժամանակ գալ և երեխաներին տեսնել, ես չեմ արգելել իրեն, նույնիսկ օգոստոսի 6-ի դեպքից հետո ինքը երեխաների զանգերին չէր պատասխանում, բայց թող բարի լիներ, գար, նորմալ դուռը թակեր մտներ, ոչ թե հոր հետ ներխուժեր, երեխաներին ծեծելով ու քարշ տալով փորձեր տանել։ Լավ ա գոնե քույր ու մայրս տանն են եղել ու թույլ չեն տվել, որ տանեն, իսկ ես Երևանում էի, ահավոր ծանր եմ տարել, իսկ էդ ընթացքում մեծ տղաս վախեցել է, սենյակում փակվել, ուշագնաց եղել, ու ինձ անընդհատ գրում էր պապա օգնի, մաման ուզում ա դուռը ջարդի։

Իրենց տունը լրիվ «Սանտա Բարբարան» է հայրը ամուսնացած բաժանված, մայրը ամուսնացած բաժանված, կնոջս քույրն ու եղբայրը ամուսնացած բաժանված, կինս էր մնում իրենց նմանվեր, ինքն էլ նմանվեց»։