Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու և «Արքայաձոր» ռեստորանային համալիրի միջնամասում, բախվել են Երևան քաղաքի Դաթի Բեկի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Հովիկ Պապիկյանի վարած Volkswagen մակնիշի 51 MՏ 500 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Toyօta Corolla մակնիշի 99 QQ 919 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չեն եղել։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողներ Կարապետ Հովասափյանն ու Գևորգ Ավետիսյանը։ Տեղում ճանապահային ոստիկանները վթարի վայրի տեղազննություն են կատարել, որից հետո փորձել են վարորդների սթափության աստիճանը պարզել։ Այդ ժամանակ վարորդներից Հ. Պապիկյանը մոտեցել է ճանապարհային ոստիկաններին և հայտնել, որ պետք է իր սթափությունը չստուգվի՝ ասելով. «Մենք մերոնցով ենք, սղցնենք՝ գնա, թող սթափությունը չստուգվի»։ Սակայն ճանապահային ոստիկանները նրան հայտնել են, որ դա բացառվում է և ինչպես վարորդ Դ. Գրիգորյանն է սթափության փորձաքննություն անցել, այնպես էլ ինքը պետք է անցնի։ Դրանից հետո Հ. Պապիկյանը վիճաբանել է ճանապարհային ոստիկանների հետ, հարվածել նրանցից մեկի դեմքին և պոկել ոստիկանի համազգեստի վերնաշապիկի ձախ ուսադիրը։ Ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց օրինական պահանջին և անհարգալից վերաբումունք է ցուցաբերում ոստիկանների նկատմամբ, այդ մասին տեղեկությունը փոխանցում են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատու Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Նոր նորքի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը, ովքեր Հ. Պապիկյանին բերման են ենթարկում ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապիկյանը ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պապիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի