Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների համար. նա աղջկա ընկերուհու հայրն է
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երեւան քաղաքի բնակիչներից մեկը եւ հայտնել, որ հարեւանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր 10-ամյա դստեր ընկերուհու հայրը՝ ծնված 1985թ., փակվել է երեխայի հետ սենյակում:
Նույն օրը քաղաքացին նույնաբովանդակ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում, որ իր դստեր նկատմամբ՝ ծնված 2009թ., կատարվել է սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ` դստեր ընկերուհու հոր կողմից:
Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2019թ. հուլիսի 21-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մաշտոցի բաժին: Վերջինս ձերբակալվել է՝ 14 չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1985 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նկատի ունենալով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ «Խնդրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, անչափահասի շահերը պաշտպանելու նկատառումներից ելնելով, ձեռնպահ մնալ վարույթի մասնակիցների՝ տուժողի եւ մեղադրյալի նույնականացնող տվյալները, բնակության կոնկրետ վայրի մասին տեղեկությունները հրապարակելուց»,-ասված է հաղորդագրության մեջ: