Կառավարությունը միջոցներ է հատկացրել ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
Որոշման ընդունումը բխում է «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից: 450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Նախարար Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:
Հարցի առնչությամբ փոխվարչապետ Ավինյանը նշել է. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և, ընդհանուր առմամբ, այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»: