Ինչու են տապին բնակիչները մնում առանց ջրի. «Վեոլիա Ջրի» պարզաբանումը. NEWS.am
Երեւանի Արտաշիսյան 54-62 շենքերի բնակիչները երեք օր շարունակ՝ հուլիսի 20-22–ը, ջուր չեն ունեցել, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ զանգահարած քաղաքացիներին օպերատորները ասել են, որ շաբաթ եւ կիրակի օրերին չեն կարող առաջացած վթարը կարգավորել։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, որ Արտաշիսյան 54-62 շենքերի ջրամատակարարման ռեժիմը օրերս խախտվել էր՝ դրանք սնուցող բակային պոմպակայանի խափանման պատճառով.
«Վթարը եղել է բարդ, պոմպի փոխարինման ընթացքում առաջացել են լրացուցիչ տեխնիկական դժվարություններ: Դրանով պայմանավորված, ջրամատակարարման վերականգնումը ժամանակ է պահանջել: Այստեղից էլ բնակիչների դժգոհությունը»:
Հուլիսի 12-ից խմելու ջուր չունեն Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչները։ Այս առնչությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությունից մեզ հայտնում են, որ այստեղ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ջուրը մատակարարվում է համաձայն գրաֆիկի. «Նաեւ հարկ ենք համարում նշել, որ տվյալ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցում կարգավորումներն իրականացվում են համայնքապետարանի աշխատակցի կողմից, եւ հետեւաբար որեւէ հատվածում ջրամատակարարման խնդրի առաջացման դեպքում հարկավոր է դիմել համայնքապետարանին»:
Ավելի վաղ ջրամատակարարման խնդրից են բողոքում նաեւ Փոքր Վեդիի բնակիչները։ Այս առնչությամբ «Վեոլա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են:
Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաեւ ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս խոշոր վթար տեղի ունեցավ «Գառնի-Լանջազատ» մայրուղային ջրատարի վրա, ինչը եւս բացասական ազդեցություն թողեց գյուղի ջրամատակարարման վրա: Ներկայումս խողովակաշարը վերանորոգվել է եւ գործում է ողջ հզորությամբ:
«Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին: «Վեոլիա Ջուր»-ն աշխատանքներ է իրականացրել նաեւ խնդրի արմատական լուծման ուղղությամբ:
1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարեւանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվում է եւս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ` կգործարկվի արդեն աշնանը:
Բացի այդ, դեպի Փոքր Վեդի շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվում զգալիորեն ավելի մեծ՝ 250մմ տրամագծով, գործող 150 մմ փոխարեն: Դա նշանակում է, որ արդեն տեսանելի ապագայում 2 անգամ ավելի շատ ջուր կստանան սպառողները, ինչը թույլ կտա Փոքր Վեդիում ապահովել բարվոք ջրամատակարարում»։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ե՞րբ Երևանի Կրկեսն իր դռները կբացի հանդիսատեսի առաջ. գլխավոր ինժեներ
Երևանի Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի կարող նշել, թե երբ Երևանի Կրկ...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...