«Ցրեք այդ հանձնաժողովը». Սիլվա Ադամյանը՝ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մասին
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը պետք է ցրել, քանի որ տարիներ շարունակ անգործության է մատնված եղել։ Այս մասին այսօր «Սեւանա լճի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով՝ ԱԺ-ում ԲՀԿ-ի հրավիրած աշխատանքային քննարկմանն ասաց «SOS Սեւան» նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին։
«Հավաքեք նոր հանձնաժողով, որովհետեւ այս հանձնաժողովը տարիներ շարունակ անգործության է մատնված։ Եվ արել է ամեն ինչ, որպեսզի Սեւանը հասնի այս վիճակին։ Ձեր հանձնաժողովի անդամները տարիներ շարունակ ձայն չեն հանել, ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտն են, եւ այն հորդորները, որ «SOS Սեւանը» բարձրացրել է, դուք անտեսել եք, եկել եք այստեղ՝ ասում եք выдители Ազգային պարկն է մեղավոր։ Այդպես չի, ամենամեծ մեղավորությունը ձերն է, եւ դուք ոչինչ չեք արել»,- ասաց բնապահպանը։
Նաիրա Զոհրաբյանը Սիլվա Ադամյանի ելույթից հետո հարց ուղղեց Յուրի Ջավադյանին. «Պարոն Ջավադյան, դուք ընդունո՞ւմ եք «SOS Սեւանի» այն մեղադրանքը, որ այս տարիների ընթացքում դուք մեղավորության եւ պատասխանատվության ձեր բաժինն ունեք Սեւանի ներկայիս վիճակի համար»։
Ջավադյանը պատասխանեց, որ բնապահպանները հանձնաժողովի անդամների աշխատանքից տեղյակ չեն. «Մեր հանձնաժողովի անդամները ակադեմիայի, ինստիտուտի տնօրեններն են հիմնականում, իրենք դոկտոր-պրոֆեսորներ են, որոնք գիտակ են, եւ մեծ աշխատանք են տանում։ Մեր հանձնաժողովի բոլոր արձանագրությունը 3 օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն, 3 օրվա ընթացքում էլ կներկայացնենք նաեւ Ազգային Ժողովին։ Եվ ես էլ տարիներ շարունակ Ձեզ չեմ տեսել»։
Ներկաներից մեկն էլ արձագանքեց Ջավադյանի պատասխանին՝ «Սեւանը տեսնեիր»։