Եղվարդի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ կատարելու համար. վնասը մոտ 3 մլն դրամ է
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, 2010թ. նոյեմբեր ամսից մինչեւ 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ: Մասնավորապես՝ տնօրենն աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել եւ կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող պաշտոնական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, եւ ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած հիշյալ անձանց: Բացի այդ, 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս են գրվել, այլեւ որպես սոցփաթեթի շահառու պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ. պետության օրինական շահերին այդկերպ պատճառվել է գույքային վնաս: Տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ տնօրենը աշխատակցուհիների անվամբ ՊՈԱԿ-ի բյուջեից որպես երեխայի խնամքի հետծննդյան եւ նախածննդյան արձակուրդի գումարներ է դուրս գրել եւ յուրացրել: Այնուհետեւ տնօրենը աշխատակցուհու՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, պետական բյուջեից աշխատող մայրերին մինչեւ երկու տարեկան երեխային տրվող գումար դուրս գրելու նպատակով վերջինիս անվամբ կազմել եւ տրամադրել է տեղեկանքներ՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատելու վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի սոցիալական աջակցության Չարենցավանի տարածքային գործակալություն, ինչի հիման վրա աշխատակիցը հաշվառվել է որպես նպաստառու: Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել եւ կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող տաբելները, ինչի հիման վրա՝ որպես աշխատավարձ հաշվարկվել ու ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս են գրվել գումարներ, որոնք յուրացվել են նրա կողմից: Նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 994 276 ՀՀ դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քաղաքականություն

Պատահարներ