Գլխավոր դատախազը` Սանասարյանի գործի մասին
Փաստական տվյալները բավարար էին՝ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել որպես մեղադրյալ ներգրավվելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, ինչպես նաեւ գործը ԱԱԾ քննչական վարույթից տեղափոխել այլ քննչական ծառայություն:
Armtimes com-ի հարցին, թե միջնորդությունն ինչ փուլում է, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: Բնականաբար, դա իր հետ բերեց Դավիթ Սանասարյանի համար դատավարականն կարգավիճակ՝ դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ: Ամենակարեւուը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ եւ այդ իրավունքի իրացմամբ ներկայացրել է արդեն միջնորդություն եւ բնականաբար անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այլ տեղեկությունները, որոնք կրկին հաստատում եմ՝ ոչ մեկի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ օբյեկտիվ բազմակողմանի քննությամբ ստուգվելու է: Պաշտպանների միջնորդությունը մենք նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն»:
Մեր ճշտող հարցին՝ դուք տեղեկություն ունե՞ք արդյոք, որ ուղղորդված քննություն է գնում, կամ գործը կարվել է, ինչպես պնդում են պաշտպանները, գլխավոր դատախազը պատասխանեց. «Որ պահին ես չէ, հսկող դատախազը, նման տեղեկություն կամ նման ռիսկ տեսնի, ոչ մի պարագայում այդ նախաքնության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը»: