Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա. գյուղապետըՙ ինքնասպան եղած զինծառայողի մասին. News am
Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում այսօր մահացած 24-ամյա զինծառայող Նարեկ Ս․-ն Կոտայքի մարզի Զովք գյուղից էր․ ըստ Քննչական կոմիտեի՝ նա ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք: NEWS. am-ի հետ զրույցում Զովքի նախկին գյուղապետ Նորիկ Գեւորգյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչը կարող էր Նարեկ Ս․-ին դրդել ինքնասպանության, սակայն նշեց, որ աշխատող, հանգիստ վարքով երիտասարդ էր․ «Հանգիստ տղա էր, աշխատում էր, սովորում էր ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Հունվարից էր աշխատանքի անցել։ Ոչ մի վատ քայլով կամ արարքով աչքի չի ընկել՝ ոչ կռիվ, ոչ խուլիգանություն։ Ընտանիքն էլ խելոք մարդիկ են՝ հարգանքով, պատվով, բոլորն էլ աշխատող, երկու քույր ուներ, փոքր եղբայրն էլ ծառայում է բանակում, Ղարաբաղում»։ Նորիկ Գեւորգյանն ասաց՝ լսել են, որ երկտող է եղել տղայի ծոցագրպանում, սակայն տեղյակ չեն՝ արդյոք սիրած աղջկա պատճառով է այդ քայլին դիմել․ «Լսել ենք, որ քննիչների մոտ երկտող կա, սակայն բովանդակությունը մեզ հայտնի չէ։ Ոչ մեկս չի տեսել այդ երկտողը։ Ինչ վերաբերում է սիրած աղջկան, չգիտենք՝ ունի սիրած աղջիկ, գյուղից որ չկա, հնարավոր է որիշ տեղից է եղել»։ Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:

Պատահարներ