Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է` ինչ են ակնկալում Մոսկվայից AZAL ինքնաթիռի վթարից հետո
Բաքուն սպասում է AZAL ինքնաթիռի վթարի հետաքննության ավարտին և ակնկալում է փոխհատուցման անհապաղ վճարում, Lenta.ru-ին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ ողբերգության համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն։
«Դուշանբեում հոկտեմբերի 9-ին արված հայտարարությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են այս ուղղությամբ», - նշել է նա։
Մուստաֆաևը հավելել է, որ Մոսկվա-Բաքու հարաբերություններում այսօր հիմնարար խնդիրը ինքնաթիռի վթարի հետ կապված հարցերի արագ և արդարացի լուծումն է։
Հիշեցնենք՝ Embraer-190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ակտաու նավահանգստի մոտ։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 38-ը, ներառյալ Ղազախստանի վեց քաղաքացիներ, զոհվել են։ Միջադեպը լարվածություն է առաջացրել Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում, քանի որ, ըստ տեղեկությունների, օդանավը վնասվել է Ռուսաստանի օդային տարածքում։





























