Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում․ գործը դատարանում է
Խոշոր չափի գումարի հափշտակություն՝ Արդարադատության նախարարությունում: Այս մասին գրել է «Իշխանություն» կայքը, հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ Անի Ղազարյանի և Վահագն Ազիզյանի նկատմամբ։
AuroraNews.am-ը դիմել է Արդարադատության նախարարություն խնդրելով պարզաբանում:
Ի պատասխան AuroraNews.am-ի բանավոր հարցման՝ մեզ տեղեկացնում են, որ Անի Սեյրանի Ղազարյանը դեռևս 2023 թվականից չի հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատակից։
«Ինչ վերաբերում է նրա և այլ անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցին, ապա տվյալ տեղեկատվության տրամադրման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող իրավասու մարմիններին։ Վահագն Ազիզյան անուն ազգանունով աշխատակից Արդարադատության նախարարությունը չունի»,- հայտնում են գերատեսչությունից:
Քննչական կոմիտեից AuroraNews.am-ին հայտեցին, որ գործը դատարանում է:
AuroraNews.am-ը Դատալեքս համակարգից տեղեկացավ, որ գործը Հակակոռուպցիոն դատարանում է: Այն վարույթ է ընդունվել 2025թ-ի դեկտեմբերի 17-ին: Ըստ գործի նյութերի, Անի Սեյրանի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ և իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ուրիշի գույքի խոշոր չափերի խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Վահագն Աշոտի Ազիզյանի հետ, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել է որպես պետական տուրք վճարման ենթակա, ընդհանուր խոշոր չափերով՝ 1.270.000 ՀՀ դրամ գումարը։
Տեղեկացնենք՝ Վահագն Աշոտի Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի խոշոր չափերի խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի ավագ մասնագետ Անի Սեյրանի Ղազարյանի հետ, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, խաբեության եղանակով հափշտակել է որպես պետական տուրք վճարման ենթակա, ընդհանուր խոշոր չափերով` 1.270.000 ՀՀ դրամ գումարը։
Հավելենք՝ դատական նիստի օր դեռ նշանակված չէ:





























