Ալխաս Ղազարյանը` Հայկ Սարգսյանի նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու գործընթացը դեռ շարունակվում է և ավարտված չէ։ Նրա խոսքով՝ որևէ մեկին հեռացնելու խնդիր չկա, իսկ գործընթացը հնարավորություն է կուսակցականներին լսելու՝ պատգամավոր դառնալու հայտ ներկայացրածների կարծիքներն ու նպատակները, ինչպես նաև հնարավոր նախագծերը։
Ղազարյանը նշել է, որ այդ մոտեցումը լավ պրակտիկա է, և հետագայում ևս այդպես են վարվելու՝ ընդգծելով, որ սա հերթական ընտրություններ են, և ցուցակների կազմման ընթացակարգը ավելի ժողովրդավարական է, քանի որ վերջնական արդյունքում ցուցակը ձևավորվելու է նաև ընտրությունների միջոցով։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի ընդգրկվել ցուցակում և հայտարարել է, որ բողոքարկելու է ՔՊ վարչության որոշումը, Ղազարյանն ասել է, որ կուսակցությունում ցանկացած հարց քննարկվում է, իսկ կանոնադրությամբ նախատեսված է բողոք ներկայացնելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ եթե կուսակցականները ասելիք ունեն, նրանց կլսեն, և այստեղ թիմակիցներից որևէ մեկին դուրս թողնելու խնդիր չկա, խոսքը միայն պատգամավորական ցուցակում ընդգրկվելու մասին է։
Խոսելով այն մասին, որ որոշ պատգամավորների օգնականներ են հայտ ներկայացրել ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, Ղազարյանը նշել է, որ տարբեր ոլորտներից մարդիկ կարող են առաջադրվել, և Սահմանադրությունը սահմանափակում չի դնում։ Նրա կարծիքով՝ օգնականները լավ պատկերացում ունեն պատգամավորի գործունեության մասին և կարող են պատրաստ լինել այդ պաշտոնին։
Հարցին՝ արդյոք իշխանությունը չի ցանկանում նահանջել եկեղեցու դեմ գործընթացից, Ղազարյանը նշել է, որ ընդդիմությունը դա ներկայացնում է որպես իշխանություն–եկեղեցի պայքար, մինչդեռ, ըստ նրա, խոսքը որոշ եկեղեցականների ու հանուն եկեղեցու պայքարի մասին է, և նպատակը քաղաքական շարժում գեներացնելը չի եղել։
Ինչ վերաբերում է Մայր Աթոռի բակում համայնքապետերի ներկայությանը և նրանց վարքագծին, Ղազարյանը նշել է, որ դա եղել է ինքնաբուխ հավաք, և ՔՊ–ն որևէ մեկին հրահանգ չի տվել։ Նրա խոսքով՝ մարդիկ արձագանքել են տարբեր կոչերի, իսկ իրավապահ համակարգը հետևում է գործընթացներին և անհրաժեշտության դեպքում պետք է հետևություններ անի։





























