Փաշինյանը փորձեց ընդօրինակել Բելառուսի նախագահի վարքագիծը. Գագիկ Համբարյան․ «Ժամանակ»
«ՀՀ վարչապետի՝ Նորագավիթի մաքսակետ կատարած այցելության ընթացքում հնչած որոշ հայտարարություններ արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում են փորձագիտական, քաղաքական և նաև քաղաքացիական դաշտում։
Վարչապետը, հիշեցնենք, նախ դիտողություն է արել մաքրության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Մանավանդ իմ այցի օրն ինչու է այստեղ բիչոկ գցած գետնին: 25 տարվա բիչոկ է, սա մեր երկրի իմիջի հարցն է։ Սա խայտառակ կեղտոտ տարածք է: Սա վերաբերմունք է մարդկանց, մեր դրոշի ու զինանշանի նկատմամբ: Սա անթույլատրելի վերաբերմունք է: Հիմա իրենց պարգևավճարներից կպակասեցնեք ու այստեղ կբերեք կարգին վիճակի»: Հասնելով մաքսատան սենյակներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով համազգեստով հսկիչներից մեկին, դիտողություն արեց. «Որ վարչապետը մոտենում է, պետք ա ձգված կանգնես, սենց (ցույց է տալիս ուսերը կախած վիճակը-խմբ.) արած չեն կանգնում»: Այնուհետև տեսնելով անկյունում դրված դրոշը՝ զայրացավ. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն:
Լավ ա՝ չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ վարչապետը ստիպված է լուծել այն հարցերը, որոնք չէր նախատեսում լուծել: «Փաստորեն մեծ մասշտաբի հարցեր լուծելու ընթացքում պարզվում է, որ կան փոքր մասշտաբի հարցեր, որոնք որևէ լուծում չեն ստանում։ Վարչապետը ստիպված է աշխատել որպես վարչության պետ և ոչ որպես վարչապետ, ինչը լավ չէ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանը հավելեց. «Խնդիրն այն է, որ վարչապետն այլ ակնկալիքներ ունի։ Իր այդ տոնայնությունն ու նյարդային իրավիճակը գալիս են այն բանից, որ նա չէր ակնկալում, որ նման հարցերը մեկ տարի հետո դեռ ակտուալ կլինեն։ Վարչապետը սպասում էր, որ հեղափոխական պաթոսը կանցնի նաև աշխատանքի ոլորտ։ Բայց մարդիկ դեռ շատ վաղուց այլ աշխատելաոճի են սովոր, նրանք սովոր չեն, որ իրենցով հետաքրքրվեն։ Հիմա մեկը եկել է՝ հետաքրքրվում է, ու սա կոնֆլիկտ է առաջացնում։ Սա ինձ համար զուտ սոցիոլոգիական տեսանկյունից ամբողջությամբ պարզ է, ակադեմիական տեսանկյունից նորմալ է, բայց մարդկային տեսանկյունից այս վիճակն իհարկե նորմալ չէ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ վարչապետը ստիպված է նման որոշումներ կայացնել, իրավիճակը վերահսկելու այլ մեխանիզմներ չկան. «Վարչապետը ստիպված է կտրուկ որոշումներ կայացնել, իսկ այդ որոշումների ընդունումը նշանակում է մեկին ասել՝ այո, մյուսին՝ ոչ։ Երբ դու պարզապես մարդկանց ես կառավարում, մի ճանապարհ ընտրելը, մյուսը՝ ոչ, նշանակում է ինչ-որ մարդկանց մի բանից զրկել ընդհանուր նպատակի հասնելու համար։ Նորից եմ նշում՝ սա նորմալ գործընթաց է, առանց դրա հնարավոր չէ, այսպես էլ պետք է լիներ։ Պարզապես բնակչության մի հատված այլ բանի է սովոր։ Մարդը մի տարի է՝ իշխանության է, ինչ-որ քայլեր են արվում, մեկ էլ պարզվում է՝ մեկ տարի հետո լրիվ նույն խնդիրների առաջ ենք կանգնած, ինչ մեկ տարի առաջ։ Ո՞ւմ նյարդերը կդիմանան։ Բայց իրականում սա ցույց տալը նաև թուլություն եմ համարում, սա մեծ քաղաքականության մեջ չլինելու հետևանք է նաև, և իր ամենամեծ խնդիրը հենց սա է»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ պարոն Փաշինյանը տարրական «գրագողությամբ» է զբաղված. «Նա փորձեց ընդօրինակել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարքագիծը, ով այցելելով շրջաններից մեկի ֆերմա՝ զայրացավ անասունների վիճակից, հրահանգեց գործից ազատել մի քանի շրջանային ղեկավարի և ձերբակալել ֆերմայի տնօրենին։ Բայց պարոն Փաշինյանը մոռանում է, որ ինքն այլ ամպլուայով է եկել իշխանության՝ վերականգնելու օրենքի իշխանությունը, իսկ Բատկային ընդօրինակելը մի փոքր չի համապատասխանում այն ամպլուային, որը Փաշինյանը ստանձնել էր»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: