Դեկտեմբերից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստացել. Պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 3-ին, շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը,- գրում է News am-ը։
Արմեն Գևորգյանն ասյօրվա դատական նիստին չէր մասնակցում։
Նշենք, որ դեռևս 2018թ. օգոստոսի 21-ին քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու մասին, ինչը պաշտպանական կողմը բողոքարկել է վերադաս դատախազին, որը սակայն մերժել է բողոքը՝ համարելով, որ քննիչի որոշումը հիմնավոր է։
Քննիչի որոշմամբ արգելանք է դրվել Արմեն Գևորգյանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև՝ բանկային հաշիվների և աշխատավարձի վրա։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ իր պաշտպանյալի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հիմքով։ Ըստ պաշտպանի՝ նման մեղադրանքի դեպքում, որպես պատիժ չի սահմանվում գույքի վրա կալանք դնելը։
Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանք է դրվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա, ինչը խախտել է վերջինիս սեփականության իրավունքը․ Պաշտպանն ասաց, որ քննիչի որոշման հետևանքով Արմեն Գևորգյանը զրկված է աշխատավարձ ստանալու և իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից։
«Արմեն Գևորգյանը փորձել է աշխատավարձ ստանալ, պարզվել է աշխատավարձի վրա արգելք է դրված եղել, դեկտեմբեր ամսվանից մինչ օրս Արմեն Գևորգյանը աշխատավարձ չի ստանում»,–հայտարարեց մյուս պաշտպանը։
Այսպիսով, պաշտպանը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների և ազատությունների խախտումը։
Մեղադրող դատախազի խոսքով, սակայն ներկայացված բողոքը հիմնազուրկ է և ենթակա է մերժման։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը կներկայացնի նաև գործով քննիչը։
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գեւորգյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։