Ո՞ւմ էր ակնարկում Փաշինյանը՝ ուսանողների վրա դուռ փակած ռեկտոր ասելով.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար քննարկվում է բուհերը ՀՀԿ կուսակցական որջ դարձրած և նախկին ռեժիմին սպասարկած ռեկտորներին գահից գցելու հարցը: Այս առումով հիմնականում շեշտվում է ԵՊՀ ռեկտոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Սիմոնյանի անունը: Նշենք, որ ռեկտորն իրեն համարում է քաղաքական հայացքների համար հալածվող:
Երեկ կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ռեկտորների հարցին, ասաց. «Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ: Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները, բազկաթոռները ճանկռեն, մեկ է, Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան, իրենց համար այլ աշխատանք գտնեն, այլ անելիք, այլ առաքելություն»:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարը չի կարող շարունակել աշխատել: «Հեղափոխությունը սկսվել է այդ պահանջով և ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղաքական որոշում է և պետք է իրագործվի: Որևէ մեկը հույս չունենա, որ կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»,-ասաց նա:
Շատերի կարծիքով՝ այս հայտարարությունն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Ինքը՝ Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ ԵՊՀ-ն դռներ չի փակում ուսանողների առաջ, և որ վարչապետը փակագծեր չի բացել, այդ հայտարարություններն իրեն չեն վերաբերում:
Նշենք, որ ռեկտորի այս հայտարարությունը դուր չի եկել ուսանողների մի մասին, և երեկվանից նրանք սոցիալական ցանցերում տարածում էին տեսանյութեր թավշյա հեղափոխության օրերից՝ ցույց տալու, թե հեղափոխության օրերին ինչպես են իրենց դեմ դռներ փակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից հետաքրքրվեց՝ ով է Փաշինյանի հայտարարության հասցեատերը: Իսրայելյանն ասաց, թե, իր կարծիքով հայտարարությունն ընդհանուր է արվել, և վարչապետը կոնկրետ մեկին նկատի չի ունեցել: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ այս հայտարարությունից հետո հոգաբարձուների խորհուրդը էլի նիստ հրավիրի՝ ռեկտորին պաշտոնանկ անելու օրակարգով: «Նիստ լինելու է, բայց այլ օրակարգով: Նման օրակարգ մենք չունենք»,,-ասաց Իսրայելյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին կուսակցականացված էր նաև Տնտեսագիտական համալսարանը՝ իր հայտնի ՀՀԿ-ական սաքուլիկներով: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո՝ արդեն դեկտեմբերին, այս բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: ՀՀԿ-ականացված էր նաև Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսխորհուրդը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: