Գոլանն, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թրամփի կողմից Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու որոշմանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Մինսկի խմբի համանախագահներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Մինսկի խումբը գործում է Հելսինկյան սկզբունքների` մասնավորապես տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա:
Թրամփն ասել է, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս: Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ, այնտեղ մինչև պատերազմը հրեաներ չէին ապրում, ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում:
Հիմա գանք մեկնաբանությանը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Գոլանի ճանաչելը որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին և տեղում ստեղծված փաստին»:
Ռուսատանը Ղրիմի միացումը նույնպես համարում է ստեղծված իրավիճակից դուրս եկող փաստ: Ռուսաստանը չի ճանաչում Գոլանում ստեղծված փաստը, ԱՄՆ-ն` Ղրիմում: Հիմա դա առևտրի խնդիր է, իրար վրա այդ փաստերը պետք է ծախեն: Դա պրոցես է:
Հիմա գանք Արցախում ստեղծված փաստին: Պարզ է, որ «սկզբունքները» մեկնաբանությունից են կախված և շահերից, մի բան ծախում ես, մի բան` առնում: Բայց մեկնաբանության տվյալ փաստը հետաքրքիր գործիք է, կարելի է դրանց վրա հենվել:
ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Շուկային պետք է մասնակցել: Հույս ունեմ, որ մենք մեր առևտրական ջիղը վերջնականապես դեռ չենք կորցրել»: