ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ էր երեկ ասում նորընտիր պատգամավորը, որ այդպես էլ չհասկացվեց
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա իր ելույթին, մասնավորապես` գրաբարով մեջբերմանը, որը համացանցում լայնորեն շրջանառվեց:
«Ես թարգմանել եմ, չէ՞, ինչ եմ ասում»,- ասաց նա:
Գևորգյանը պատասխան հարց ուղղեց լրագրողներին.
«Տերունական աղոթքը, որ ասում եք` ո՞ր լեզվով եք ասում: Ես, օրինակ՝ գրաբարով եմ ասում: Ինչ որ ես ասել եմ, դա ևս Սուրբ գրքից բերված կարճ ցիտատ է, որը Հիսուսի խոսքերն են և արտացոլված են եղել թե՛ Մաթեոսի, թե՛ Պողոս առաքյալի խոսքերով»:
Գևորգյանը դժվարացավ նշել պատճառներ, թե ինչու չհասկացան իր մեջբերումը: Հարցին` պատգամավորները հասկանո՞ւմ էին այդ խոսքերը, նա պատասխանեց.
«Այո՛, եթե մարդը մի բան ասում է ու հետևից թարգմանում է` ինչ կուսուցանե առակը, որ` մեզ համախմբել է հավատքը առ այն, որ մենք պետք է կառուցենք նոր որակի, բարեկեցիկ պետություն, Ազգային ժողովը հանդիսանա ներկայացուցչական մարմին և այն կառույցը` իշխանության և հասարակության միջև, որը երբևէ որևէ մեկը մեզանում` սկսած ՀՀ նորանկախ շրջանից, երազել է, սա է խնդիրը, այլ ենթատեքստեր փնտրելու բան իմ կողմից չի ասվել»:
Պատգամավորն խոսքով` սա, ի վերջո, Ազգային ժողով է, պետական կառավարման համակարգի բարձրագույն օրենսդիր մարմին, որտեղ հավաքվածները առնվազն ինտելեկտուալ որոշակի մակարդակ ունեն, այլապես չեն կարող ներկայացնել ժողովրդի շահերը, հետևապես անհասկանալի է, թե ինչ քննարկումների մասին է խոսքը:
«Այստեղ հավաքվածները առնվազն ունեն պոտենցիալ մտավոր կարողություն ժողովրդի շահերը ներկայացնելու համար»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ունե՞ն նաև գրաբարի իմացություն, պատգամավորն արձագանքեց, որ գրաբարի իմացությունը կապ չունի, ինքը խոսել է հայերեն, դա օտար լեզու չէ, դա մեր հին լեզուն է:
«Եթե մարդ ընդամենը ցիտատ է բերում Սուրբ գրքից, յուրաքանչյուրը, եթե չի հասկանում, գոնե պարտավոր է մտածել, թե ինչ է ասում, մանավանդ, երբ ասողը հետևից թարգմանում է, Խորենացու համար բա ինչի՞ չի բարձրացվել այդ բանը` «սահման քաջաց զենք յուրյանց»»,- ասաց նա: