Ստորագրվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026-ի ծրագիրը. մանրամասներ

Այսօր  Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։


Ինչպես հայտնել են ՊՆ-ից, խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։


Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։


Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

Քաղաքականություն