
Աստծո հետ իրենց ուխտը խախտել են` եկեղեցում սպասավորությունն են անում. կարգալույծ արված Տեր Արամ քահանա

Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը։ Այս մասին այսօր Հովհաննավանք եկեղեցու տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կարգալույծ արված քահանա Տեր Արամը։
Նրա խոսքով՝ եթե եկեղեցում օրենքը գործում է, ապա մինչեւ իրեն կարգալույծ անելը, հոգևոր կյանքի մեջ անօրենություն գործածները պետք է կարգալույծ եղած լինեին։
«Եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, որոնք այս ընթացքում Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ փարաջան կհանեի և եկեղեցուց դուրս կգայի, բայց մինչև Տեր Արամին կարգալույծ անելը գիտեք՝ ինձնից առաջ ինչքան մարդիկ կան, որ ուխտադրուժ են եղել, Աստծո հետ իրենց ուխտը խախտել են և այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում։ Ժողովուրդը նրանց գիտի որպես կարգալույծ չեղած մեկը, նրանց ձեռքից հաղորդություն է առնում։
Իսկ Տեր Արամը, որն ուղղակի ըմբոստացել է, եկեղեցու մեջ տեղ գտած վատ դեպքերի հետ կապված իր խոսքը բարձրաձայնել է և ուղղակի իրենց հետ համաձայն չի եղել, ահա նրանց աչքերում ես այլևս քահանա չեմ ․․․»,- նշեց կարգալույծ արված քահանա Տեր Արամը։