
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հանդիպումների ընթացքում խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով նրանից անձամբ պահանջել է խոշոր չափերով կաշառք: Այնուհետև Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր, բաժնի պետի և գլխավոր հարկային տեսուչի կողմից ընկերության գործունեությանը չխոչընդոտելու դիմաց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:
Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության սեփականատիրոջը և նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից:
Նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ս. Ա.-ին, Վ. Լ.-ին և Ս. Է.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: