Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժինը տեղեկություններ է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։
Ըստ ձեռք բերված տվյալների՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան մեխանիզմ։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով հիմնադրվել են ընկերություններ։ Սրանք, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են մեծ ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի առաջնային օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են տրամադրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսվարողներին։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն ծավալող ընկերություններին։ Սրա հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։
Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակի կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակի տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած հատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հանցանքի մասին հաղորդում է փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընթանում է նախաքննություն։
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Երևանում ևս մեկ փողոց միակողմ է դառնում․ փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ից
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տար...