Հասարակություն Կարևոր

Սննդի առաքիչներին սկսել են ստուգել փողոցներում․ ի՞նչ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն

Սննդի առաքիչներին սկսել են ստուգել փողոցներում․ ի՞նչ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն
Սննդի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է սննդի առաքման ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների առաջին արդյունքները:ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող…

Սննդի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է սննդի առաքման ոլորտում իրականացվող վերահսկողական միջոցառումների առաջին արդյունքները:


ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Sputnik Արմենիա»-ին հայտնել է, որ Հայաստանում գրանցված 2-3 հազար սննդի առաքիչների առնվազն 10 տոկոսն ապահովված է սանիտարական գրքույկով: Այս տվյալները հիմնված են առաքման ծառայությունների տրամադրած տեղեկությունների և ՍԱՏՄ վերահսկողության արդյունքների վրա:


Տեսչական մարմինն ամիսներ առաջ հայտարարել էր վերահսկողության խստացման և մարտի 1-ից շրջայցեր սկսելու մասին: Տնտեսվարողները լրացուցիչ ժամանակ էին խնդրել օրենքի պահանջները կատարելու համար՝ նշելով, որ առաքիչների թիվը հասնում է 2-3 հազարի, և նրանց բուժզննությունը կազմակերպելու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ: Օգոստոսի 1-ին, երբ ՍԱՏՄ-ի հատկացրած լրացուցիչ ժամկետն ավարտվեց, տեսուչները սկսեցին շրջայցերը և արդեն ստուգել են նշված առաքիչների շուրջ 10 տոկոսին:


Հարությունյանի խոսքով՝ օգոստոսի առաջին 10 օրվա ընթացքում ստուգվել է մոտ 237 առաքիչ, որոնցից գրեթե բոլորն ունեցել են գրքույկներ, իսկ չունեցողները զբաղվել են ոչ սննդի առաքմամբ: Նա նշել է, որ սննդի առաքմամբ զբաղվող և այդ պահին գրքույկ չունեցող որևէ անձ չի հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ առաքման հարթակները լուծել են խնդիրը:


Չնայած գոհացնող արդյունքներին՝ ՍԱՏՄ-ն խոստանում է շարունակել խիստ հսկողությունը: Հարությունյանը վստահեցրել է, որ տեսուչները պարեկային ծառայության հետ միասին լինելու են Երևանի և հանրապետության տարբեր հատվածների փողոցներում՝ ստուգելու համար առաքման խնդրի լուծման մակարդակը:


Ստուգումներն իրականացվել և իրականացվելու են հիմնականում դրսում՝ առաքման շղթայում: Առաքման կազմակերպմամբ զբաղվող ընկերություններ այցելելը տեսչական մարմնում արդյունավետ չեն համարում, քանի որ դրանք հարթակներ են, որտեղ մարդիկ գրանցվում են որպես առաքիչ, ստանում պատվերներ և պայուսակ-արկղեր: Նոր կարգավորմամբ՝ հարթակներն այլևս չեն գրանցի այն առաքիչներին, որոնք գրանցման պահին չեն ներկայացնի բժշկական գրքույկը: Նախկինում նման պահանջի բացակայությունը հանրության շրջանում մտահոգություններ էր առաջացնում սննդի անվտանգության և հնարավոր վարակների վերաբերյալ:


Տեսչական մարմնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենք հետևում են հարթակին՝ տեսնելու, թե տվյալ առաքիչը գրանցված է որպես սնունդ տեղափոխող, թեոչ: Սննդի առաքիչները ավտոմատ մտնում են վերահսկողության դաշտ, և տեսուչը ստուգում է բժշկական գրքույկի առկայությունն ու բուժզննում անցած լինելը: Օրենքով պահանջվում է բուժզննում անցնել 6 ամիսը մեկ անգամ:


Օտարերկրյա քաղաքացի առաքիչների բուժզննությունը կացության իրավունք ունենալու դեպքում երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ: Առաքման ծառայություններ մատուցող խոշոր հարթակները հայտարարել են, որ առաջին անգամ աջակցել են իրենց գործընկերներին բուժզննում անցնելու և գրքույկ ստանալու հարցում: Օրենքի պահանջը պահպանելու հետագա պարտավորությունն առաքիչների խնդիրն է, քանի որ պատասխանատվությունը կրում է անհատը:


Սանիտարական գրքույկ չունենալու կամ պարտադիր բժշկական զննություն չանցնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է 40-50 հազար դրամ տուգանք, իսկ նույն խախտումը կրկնելու դեպքում՝ 80-100 հազար դրամ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250