Քաղաքականություն

Մշակութային ցեղասպանությունը՝ հաղթանակ․ ահազանգ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման մասին

Մշակութային ցեղասպանությունը՝ հաղթանակ․ ահազանգ Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման մասին
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է․«Ադրբեջանական սոցիալական ցանցերում վերջերս տարածում է գտել լուսանկար՝ արված…

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է․


«Ադրբեջանական սոցիալական ցանցերում վերջերս տարածում է գտել լուսանկար՝ արված Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի տարածքում։ Հատկապես ցավալի է դարձնում այն հանգամանքը, որ լուսանկարը հրապարակած ադրբեջանցի աղջիկը նույն վայրում գտնվել է նաև 2025 թվականին, երբ տաճարը դեռևս կանգուն էր։ Այսպիսով՝ նոր լուսանկարն ամրագրում է ոչ միայն տեղի ունեցած ավերումը, այլև ակնհայտորեն վկայում է այն վերաբերմունքի մասին, որ ձևավորվել է հայկական մշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ։


Արբանյակային մշտադիտարկման տվյալները փաստում են, որ Մայր տաճարը ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Վերջին ամիսներին տաճարի ոչնչացման մասին բազմիցս ահազանգել են Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության և արբանյակային մշտադիտարկման ոլորտի այլ կառույցներ ու փորձագետներ։


Սակայն այս պատմության ամենաբնութագրական և միևնույն ժամանակ ամենացավալի դրվագներից մեկը լուսանկարին կցված մակագրությունն է՝ «gorbagor oldu», այսինքն՝ «վերացավ», «կործանվեց»։ Հայկական եկեղեցու ոչնչացումը ներկայացվում է ոչ թե որպես ցավի կամ մտահոգության առիթ, այլ՝ որպես հպարտության և գոհունակության պատճառ։


Այս երևույթը չի կարելի դիտարկել որպես մեկ անհատի կամ առանձին օգտատիրոջ վարքագիծ. այն ավելի խորքային և համակարգային խնդրի դրսևորում է։ Երբ եկեղեցու ոչնչացումը հանրային տիրույթում ուղեկցվում է ուրախության և հպարտության արտահայտություններով, դա վկայում է, որ հայատյացության և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ թշնամական վերաբերմունքի ձևավորումն Ադրբեջանում կրում է համակարգային բնույթ։


Արցախի հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները վաղուց այլևս առանձին հուշարձանների ճակատագրի հարց չեն։ Խոսքը վերաբերում է հայկական հետքի համակարգված վերացման քաղաքականությանը, որի շրջանակում եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, խաչքարեր, հուշարձաններ, ամբողջական բնակավայրեր, պատմական թաղամասեր և այլ մշակութային օբյեկտներ կամ ոչնչացվում են, կամ ենթարկվում փոփոխությունների ու վերաիմաստավորման՝ ուղղված դրանց հայկական ինքնության ժխտմանը։


Մայր տաճարի ոչնչացումը հատկապես խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպություններն ու մշակութային ժառանգության պահպանության կառույցները տեղյակ են Արցախի հայկական ժառանգությանը սպառնացող վտանգներից։ Տարիներ շարունակ հրապարակվել են փաստաթղթեր, մասնագիտական զեկույցներ, լուսանկարներ և արբանյակային ապացույցներ, սակայն այդ վկայագրումներին հաճախ չեն հաջորդում գործնական և կանխարգելիչ քայլեր։


Միջազգային կառույցների ներկայիս արձագանքն ակնհայտորեն համաչափ չէ վտանգի մասշտաբին։ Յուրաքանչյուր նոր ոչնչացումից հետո հայտարարությունները, մտահոգություններն ու կոչերը չեն կարող փոխարինել իրական գործողություններին. եթե միջազգային հանրությունը սահմանափակվում է միայն արդեն կատարված ավերածությունն արձանագրելով, դա ոչ թե ժառանգության պաշտպանություն է, այլ ոչնչացման փաստի հետահայաց գրանցում։


Անընդունելի է նաև, որ մասնագիտական կառույցները ստիպված են արբանյակային պատկերների միջոցով բացահայտել հուշարձանների ոչնչացումը, մինչդեռ իրավասու միջազգային մարմիններն ի վիճակի չեն ապահովել մշտադիտարկման, անկախ փորձագիտական գնահատման, փաստահավաք առաքելությունների և պատասխանատվության գործուն մեխանիզմներ։


Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ են ոչ թե հերթական արարողակարգային հայտարարություններ, այլ հստակ քայլեր՝ միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրում, անկախ փորձագետների ներգրավում, արբանյակային տվյալների համակարգված հավաքագրում և հրապարակում, յուրաքանչյուր ոչնչացման իրավական փաստագրում, պատասխանատուների բացահայտում և միջազգային իրավական ու քաղաքական պատասխանատվության մեխանիզմների կիրառում։


Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը պետք է ծառայի որպես հերթական լուրջ ահազանգ միջազգային հանրության համար։ Եթե այսօր հնարավոր է ոչնչացնել հայկական եկեղեցին և այդ արարքը ներկայացնել որպես «հաղթանակ»՝ ավելին, հպարտանալ դրանով, ապա սա նոր երևույթ չէ. նույն տրամաբանությամբ էր, որ Ադրբեջանի իշխանությունները հերոսացրին քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, և նույն կերպ վարվեցին Քարամ Սլոյանի գլխատման դեպքի պարագայում։ Այս տրամաբանության շարունակականությունը նշանակում է, որ վաղը վտանգի տակ կարող է հայտնվել Արցախի հայկական ժառանգության ևս մեկ հուշարձան։


Մշակութային ցեղասպանությունը սկսվում է հենց այն պահից, երբ հուշարձանի ոչնչացումն այլևս չի ընկալվում որպես հանցագործություն և վերածվում է հաղթանակի խորհրդանիշի։ Իսկ միջազգային անգործությունը, անկախ նրանից, թե ինչ քաղաքական կամ այլ պատճառներով է հիմնավորվում, փաստացի ձևավորում է անպատժելիության միջավայր։


Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը պետք է ոչ միայն փաստագրվի, այլև դառնա միջազգային իրավական ու քաղաքական օրակարգի հարց։ Լռությունը, ուշացած արձագանքն ու անորոշ հայտարարություններն այլևս բավարար չեն։ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որը համամարդկային արժեք է ներկայացնում, փրկելու համար անհրաժեշտ են անհապաղ, համակարգված և չափելի գործողություններ, քանի դեռ պահպանված հուշարձանները դեռևս հնարավոր է փրկել»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250