Հայաստանը պետք է խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը․ Տիգրան Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է զարգացնի և խորացնի հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ միաժամանակ հավասարակշռված քաղաքականություն վարելով միջազգային մյուս գործընկերների հետ։
Անդրադառնալով եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի աշխատանքներին՝ Աբրահամյանը նշել է, որ, իր տեղեկություններով, հանձնաժողովը տարեկան ընդամենը մի քանի նիստ է անցկացրել, և աշխատանքները փաստացի պասիվ վիճակում են եղել։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը մի շարք մարտահրավերներ ունի։
«Մասնավորապես, Հայաստանի և Եվրոպական միության պետությունների միջև ապրանքաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է և անկում է ապրում։ Նույն Ֆրանսիայի օրինակը մի քանի անգամ բերել ենք։ Բացի այդ, հայկական օդանավերը տարիներ շարունակ չեն կարողանում կոմերցիոն թռիչքներ իրականացնել ԵՄ։ Այսինքն՝ բազմաթիվ խնդիրներ կան, և այնտեղ մեծ անելիքներ ունենք»,- ասել է Աբրահամյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ զարգացնելով հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության երկրների, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ծոցի երկրների և մյուս գործընկերների հետ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հանձնաժողովի ղեկավարումը ստանձնելով՝ քաղաքական ուժը պատրաստվում է ակտիվացնել եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատանքը, Աբրահամյանը նշել է, որ իրենց համար առաջնայինը Հայաստանի ազգային շահն է։
«Մենք բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային շահով։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ հարաբերություններին, ապա, այո՛, Հայաստանը պետք է զարգացնի, պետք է խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը։ Ոլորտներ կան, որոնք 2018 թվականից ավելի են վատթարացել, և մենք հետևողական ենք լինելու»,- ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ եթե մշտական հանձնաժողովի ձևաչափը նպաստում է Հայաստանի ազգային շահին և այլ պետությունների ու կառույցների հետ համագործակցության խորացմանը, ապա դրա աշխատանքը պետք է ակտիվացվի։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Գրում է «Փաստինֆո»-ն։ՆԳՆ...