Քաղաքականություն

Էրդողան․ Մեքքայի համաձայնագիրը Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգի հիմք է

Էրդողան․ Մեքքայի համաձայնագիրը Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգի հիմք է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրմանն ուղղված…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրմանն ուղղված իրավիճակային արձագանք չէ։ Նրա խոսքով՝ այն պետք է հիմք դնի տարածաշրջանային անվտանգության նոր մոդելի համար։


Asharq Al-Awsat-ին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ համաձայնագիրը չի սահմանափակվում միայն ռազմական համագործակցությամբ։


«Համաձայնագրի հիմնական նպատակն է ուժեղացնել զսպումը, ամրապնդել կողմերի միջև համերաշխությունը և բարձրացնել անվտանգության ոլորտում իրազեկվածությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Էրդողանի խոսքով՝ համաձայնագիրը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքի վրա և ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Անկարան նաև պատրաստ է ողջունել տարածաշրջանի այլ պետությունների միացումը նախաձեռնությանը։


«Մեր հայեցակարգը չի սահմանափակվում երեք երկրով»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում բարենպաստ պայմանների դեպքում տարածաշրջանի բոլոր երկրները կարող են միավորվել մեկ մեխանիզմի շրջանակում։


Համաձայնագրի առանցքային սկզբունքներից է հավաքական զսպումը․ կողմերից մեկի անվտանգությանը սպառնացող վտանգը մյուս մասնակիցները ևս պետք է դիտարկեն որպես սեփական անվտանգությանը սպառնացող վտանգ։ Փաստաթուղթը նախատեսում է նաև համագործակցության զարգացում պաշտպանական արդյունաբերության, համատեղ նախագծերի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։


Էրդողանը նաև հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության համար՝ արտաքին ուժերի որոշումներից կախված լինելու փոխարեն։ Նրա գնահատմամբ՝ դրսից առաջարկվող լուծումները բազմիցս աղետալի հետևանքներ են ունեցել Մերձավոր Արևելքի համար։


Անդրադառնալով Հորմուզի նեղուցին՝ Թուրքիայի նախագահն այն անվանել է «համաշխարհային տնտեսության կենսական կարևորության զարկերակներից մեկը»։ Նա հույս է հայտնել, որ ներկայիս լարվածությունը հնարավորինս արագ կավարտվի, իսկ նեղուցը կրկին կդառնա միջազգային առևտրի անվտանգ և անխափան երթուղի։


Էրդողանն անդրադարձել է նաև Լիբանանին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել երկրի նկատմամբ Իսրայելի հարվածները։ Սիրիայի վերաբերյալ նա հայտարարել է, որ այնտեղ «նոր էջ է բացվել», սակայն Անկարան թույլ չի տա Սիրիայի տարածքում այնպիսի կառույցների գոյություն, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250