Լրագրողական կազմակերպությունները պահանջում են անհապաղ կասեցնել ԱԺ-ի նոր սահմանափակումները
Հայաստանի լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել Ազգային ժողովի նստավայրում լրագրողների գործունեությանը վերաբերող նոր սահմանափակումների կիրառումը և նախաձեռնել դրանց շուրջ բաց քննարկումներ։ Այս մասին նշվում է նրանց տարածած հայտարարությունում։
Նորընտիր 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից առաջ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը, որը վերաբերում է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։
Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ որոշման մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված խոսքի ազատության ու ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։
Նրանք նշում են, որ նոր կանոնները ոչ միայն պահպանում, այլև խստացնում են 2019 թվականին ընդունված և 2021-ին փոփոխված սահմանափակումները, որոնք վերաբերում են խորհրդարանում լրագրողների տեղաշարժին և աշխատանքին։
«Դրանց հիման վրա ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի և գործունեություն ծավալելու առումով այնպիսի արգելքներ կիրառվեցին, որոնք աննախադեպ էին հայաստանյան խորհրդարանի ողջ պատմության մեջ»,- նշում են լրագրողական ՀԿ-ները։ Նրանք շեշտում են, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ այդ որոշումները չեն քննարկվել լրատվամիջոցների և լրագրողական հասարակական կազմակերպությունների հետ։
Կազմակերպությունները հատկապես խնդրահարույց են համարում այն դրույթը, ըստ որի՝ հավատարմագրված լրագրողները հանձնաժողովների նիստերին կարող են մասնակցել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նրանց ցուցակը պետք է նիստից առնվազն երկու ժամ առաջ ներկայացվի ԱԺ գլխավոր քարտուղարին։ Նրանց կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս կամայական որոշումների։
Քննադատության է արժանացել նաև այն պահանջը, որով ԱԺ դռնբաց նիստերի ժամանակ մամուլի օթյակ մուտք գործելու համար հավատարմագրված լրագրողները պետք է ներառված լինեն գլխավոր քարտուղարի հաստատած առանձին ցուցակում։
Անընդունելի է համարվում նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը, որը, ըստ հայտարարության հեղինակների, նախկինում ևս քննադատվել էր Տեղեկատվական վեճերի խորհրդի կողմից։
Լրագրողական կազմակերպությունները 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում են կասեցնել լրատվամիջոցներին վերաբերող դրույթների գործողությունը և կազմակերպել բաց քննարկումներ՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու համար։
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ները։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Դեղամիջոցի հետկանչ Հայաստանում․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այն
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին...