Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է AM իրավաբանական ընկերությունը։
Հայցը վերաբերում էր 2025 թվականի հունիսի 5-ին կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որտեղ նա Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ասել էր.
«Մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք․ օրինակ՝ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա՝ վաղեմության ժամկետ կիրառեք․ դա տեղի ա ունենում էն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա»։
AM իրավաբանական ընկերության հաղորդմամբ՝ դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով ամբողջությամբ մերժել է հայցը։
Ընկերության փոխանցմամբ՝ դատարանը համաձայնել է այն իրավական դիրքորոշմանը, որ վարչապետի օգտագործած «կաշառակեր» արտահայտությունը տվյալ գործի հանգամանքներից բխող, փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն է։
Դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ այդ արտահայտությունը հիմնված է քրեական գործով ընդունված դատական ակտի և հայցվորի վարքագծի վրա, ինչպես նաև համապատասխանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով ձևավորված մոտեցումներին։
Արդյունքում դատարանը եզրակացրել է, որ գործով բավարար ապացույցներ չկան՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը հաստատելու համար, ուստի Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցը ենթակա է մերժման։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...