Քաղաքականություն

Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան

Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհրդանշական և քաղաքական իրադարձություն։



Նրա խոսքով՝ թմրեցումից հետո կենդանին չի դիմացել և անկել է, ինչի հետևանքով, ըստ Փոստանջյանի, փոխվել է «ողջ դրամայի տրամաբանությունը»։


«Այդուհանդերձ, տեղի ունեցավ անդառնալին. թմրեցումից հետո առյուծը չդիմացավ և անկեց։ Մարմնի մահով ողջ դրամայի կանոնները հիմնովին փոխվեցին, քանի որ դեռ կենդանին ողջ էր ու թմրեցված, նրա ուժը վերահսկվում էր համակարգի կողմից, բայց երբ մարմինը մեռնում է, սակրալ տաճարների ու մեհյանների հիմքերից եկած ազատ հոգին այլևս հնարավոր չէ պահել բանտախցում կամ կաշկանդել թղթերով»,- գրել է նա։



Փոստանջյանը նշել է, որ իր գնահատմամբ՝ առյուծի մահը վերածվել է ժողովրդի ընդվզման և արդարության պահանջի խորհրդանիշի։



«Առյուծի հոգին ազատագրվեց և ենթարկվեց արդարացի ու տիեզերական վրեժխնդրության նոր ռեինկառնացիայի, որն այլևս չի մտնի պաշտոնյաների կամ հնազանդ կատարողների մեջ։ Այդ հոգին այսօր տեղափոխվում և վերամարմնավորվում է ժողովրդական ցասման, ընդվզման և արդարության բացարձակ պահանջի մեջ»,- նշել է նա։



Նրա խոսքով՝ այդ իրավիճակը, իր համոզմամբ, ազդեցություն է ունենալու նաև գործընթացի մասնակիցների վրա։



«Չեմ կասկածում՝ կույր կատարողները և գլխավոր հրահանգիչը տապալվելու են»,- գրել է Փոստանջյանը։



Քաղաքական գործիչը հավելել է, որ այս իրադարձությունը համարում է գործող համակարգի խնդիրների արտացոլում՝ նշելով, որ նրանք, ովքեր փորձում են «կոտրել, նվաստացնել կամ ոչնչացնել բնության և տաճարների սրբազան սիմվոլները», ի վերջո բախվում են իրենց գործողությունների հետևանքներին։



«Այս համատեքստում բումերանգի էֆեկտը քննիչի համար անխուսափելի է. նա, ով կուրորեն կատարեց հրահանգը և դարձավ կենդանու անկման պատճառը, առաջինն է հայտնվելու հարվածի տակ»,- գրել է նա։



Փոստանջյանի գնահատմամբ՝ առյուծի անկումը նաև քաղաքական համակարգի ճգնաժամի մասին է խոսում։



«Առյուծի մահը ցույց տվեց համակարգի բարոյական սնանկությունը. նրա ուժը միայն թմրեցնելու, «բոմժ սարքելու» և ոչնչացնելու մեջ է, այլ ոչ թե արարելու»,- նշել է նա։



Գրառման վերջում Զարուհի Փոստանջյանը գրել է, որ հավատում է՝ «Արենիի մեհյանների հիմքերից և Գառնիի պատերից եկող առյուծի ազատագրված հոգին» դարձել է այն ուժը, որը, իր խոսքով, կարող է քանդել վախի ու բռնության վրա հիմնված պատնեշները։



Նա եզրափակել է, որ այդ գործընթացը, իր համոզմամբ, կհանգեցնի ինչպես հրամաններ կատարողների, այնպես էլ դրանք տվողների քաղաքական տապալմանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250