Իսպանական Սեուտա է հասել շուրջ 1500 միգրանտ․ իշխանությունները դիմել են բանակի օգնությանը
Իսպանիայի էքսկլավ Սեուտայում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ քաղաք են հասնում մեծ թվով միգրանտներ Մարոկկոյից։ Վերջին օրերին այստեղ ընդունել են ավելի քան 1500 մարդու։ Իշխանություններն ահազանգում են՝ ընդունման կենտրոնները գերբեռնված են, հարյուրավոր մարդիկ գիշերում են բաց երկնքի տակ։
Իրավիճակին նախորդել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը, ըստ որի՝ լողալով իսպանական տարածք հասած միգրանտներին այլևս չի կարելի անհատական գործերի քննության չարժանացնելուց հետո անմիջապես վերադարձնել Մարոկկո։ Դրանից հետո հազարավոր միգրանտներ սկսել են ջրային ճանապարհով հասնել իսպանական տարածք։
Սեուտայի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը իրավիճակը դրամատիկ է անվանել։ Ապաստարանները գերբեռնված են, հարյուրավոր միգրանտներ քնում են մայթերին և հասարակական վայրերում, իսկ փողոցներն ու կանաչ գոտիները լցված են աղբով։
Սեուտայի տարածաշրջանային կառավարությունն օգնություն է խնդրել Իսպանիայի զինված ուժերից։ Սակայն, ըստ El País-ի, Մադրիդը դեռևս մերժել է խնդրանքը։ Սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարությունը կարծում է, որ միգրանտները «ազգային քաղաքացիական պաշտպանության համար վտանգ» չեն ներկայացնում։
Սեուտա հասնելու ճանապարհը մահացու վտանգավոր է։ Իսպանական էքսկլավ հասնելու համար մարդիկ ստիպված են շրջանցել սահմանային կառույցներն ու ժամերով լողալ ծովում։ Շատերն օգտագործում են ընդամենը փչովի օղակներ։ Միգրանտների մի մասը ճանապարհին զոհվում է, իսկ առափնյա պահպանության ծառայությունն ու Կարմիր խաչն աշխատում են շուրջօրյա։
Իշխանությունների տվյալներով՝ անցած տարի ափամերձ հատվածում հայտնաբերվել է 60 մարդու դի։ Վերջին օրերին զոհվել է ևս առնվազն չորս մարդ։
Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական էքսկլավը տարիներ շարունակ համարվում է Եվրամիության արտաքին սահմանի առավել զգայուն հատվածներից մեկը։ Անօրինական միգրանտների մեծ մասը Մարոկկոյից և Ալժիրից է։ Տարածաշրջանային կառավարության տվյալներով՝ առանց ուղեկցողի անչափահաս միգրանտների թիվը երկու շաբաթվա ընթացքում կրկնապատկվել է։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...