Պատահարներ

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ «Ժողովուրդ»

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով առերեսումներ են սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 


«Օրաթերթը երեկ հայտնել էր, որ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի ծեծի գործով անցնող 5 մեղադրյալներն ազատ են արձակվել։


Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պատրաստվում է առաջիկա օրերին գործով մեղադրյալներին և Ավետ Կոնջորյանին դեմ առ դեմ հարցաքննել։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործի քննության այս փուլում առերեսումներն անխուսափելի են համարվում։



Ավելի վաղ օրաթերթը տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալված 5 անձանց ազատ է արձակել։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և բավականին քիչ՝ սիմվոլիկ 2 միլիոն դրամ գրավը։


ՀՀ քննչական կոմիտեն երեկ պաշտոնապես հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով 5 մեղադրյալ կա․ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն կատարելու համար։


Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել։


Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերը, իր տան շքամուտքի մոտ, դաժան ծեծի էր ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։


Նշենք նաև, որ ծեծին նախորդել էր մեկ այլ միջադեպ։ Հրապարակվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում գործով մեղադրյալներից մեկի տան մոտով, հայհոյանքներ հնչեցնում և, ըստ հրապարակված տեսանյութի, սպառնում՝ օգտագործելով «գյուլել» արտահայտությունը։


Այսպիսով, քննությունը դեռ պետք է պարզի ոչ միայն ծեծի հանգամանքներն ու յուրաքանչյուր մեղադրյալի հնարավոր մասնակցությունը, այլև դրան նախորդած միջադեպի ամբողջական պատկերը։ Առաջիկա առերեսումները կարող են առանցքային նշանակություն ունենալ կողմերի ցուցմունքներում հնարավոր հակասությունները պարզելու և դեպքերի իրական հաջորդականությունը վերականգնելու համար»,- ասվում է հոոդվածում:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250