Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանի մի շարք կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների ներմուծումը
Հուլիսի 14-21-ը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթնամթերք վերամշակող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում ստացել էին Ռուսաստանին արտադրանք մատակարարելու թույլտվություն։
Ռուսական գերատեսչության հայտարարության համաձայն՝ ստուգումների ընթացքում կրկին արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք նախկինում նույնպես հայտնաբերվել էին 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ։ Դրանք վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգին, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, ռիսկերի կառավարման համակարգերին և արտադրական վերահսկողության ծրագրերի կատարմանը։
Ռոսսելխոզնադզորը նաև պնդում է, որ հայտնաբերվել են դեպքեր, երբ Ռուսաստանի համար նախատեսված կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվել է վարակված կենդանիներից ստացված կաթ։ Բացի այդ, ըստ գերատեսչության, հաստատվել են նաև երրորդ երկրներից ներմուծված հումքի օգտագործման դեպքեր՝ բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրության համար, թեև Հայաստանի անասնաբուժական ծառայությունը նախկինում հավաստիացրել էր, որ օգտագործվում է միայն հայկական կամ ԵԱՏՄ երկրներից ստացված հումք։
Գերատեսչության գնահատմամբ՝ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը թույլ կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի և այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։ Հատկապես խնդրահարույց է համարվում ֆիզիկական անձանցից գնվող կաթի վերահսկողությունը, ինչպես նաև լաբորատոր բազայի վիճակը։
Հայտնաբերված խախտումները հաշվի առնելով՝ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել՝ Ռուսաստան վտանգավոր վարակների ներթափանցումը և հայկական անապահով կաթնամթերքի իրացումը կանխելու համար։
Գերատեսչությունը նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանը շարունակում է խնդիրներ ունենալ գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ վերահսկողության ապահովման հարցում, ինչը, ըստ ռուսական կողմի, պայմանավորված է նաև 2019 թվականի պետական կառավարման բարեփոխումների հետևանքներով։