Ադրբեջանը բողոքել է ԱՄՆ Կոնգրեսի՝ հայ գերիներին վերաբերող օրինագծի դեմ
Ադրբեջանի Միլի Մեջլիսը խիստ բողոք է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հուլիսի 22-ին ընդունված H.R. 9087 օրինագծի շրջանակում ընդունված փոփոխության կապակցությամբ։
Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են, իսկ նախաձեռնությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների անտեսման հերթական օրինակն է։ Բաքվի գնահատմամբ՝ այն նպատակ ունի ԱՄՆ Կոնգրեսը օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք՝ ի շահ հայկական լոբբիի։
Միլի Մեջլիսը նաև պնդում է, որ փոփոխության հեղինակ կոնգրեսական Բրեդ Շերմանը սերտ կապեր ունի հայկական լոբբիստական խմբերի հետ և հետևողականորեն առաջ է մղում դրանց քաղաքական օրակարգը։
Հայտարարության մեջ քննադատության են ենթարկվել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մի շարք պատգամավորներ, որոնց Ադրբեջանը մեղադրում է երկրի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի և հակաադրբեջանական արշավի մասնակցության մեջ։
Ադրբեջանի խորհրդարանը նաև մերժել է փոփոխության մեջ օգտագործված «ռազմագերիներ» և «քաղաքական բանտարկյալներ» ձևակերպումները՝ պնդելով, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի դատարանների կողմից պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց։
Միլի Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին հրաժարվել հայկական լոբբիստական խմբերի ազդեցությամբ որոշումներ ընդունելու գործելակերպից, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը և չխոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
Հիշեցնենք, որ H.R. 9087-ը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող օրինագիծ է, որի շրջանակում կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Հենց այդ փոփոխության դեմ էլ բողոք է հայտնել Ադրբեջանի Միլի Մեջլիսը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...